Սուրբ Հակոբավանքում մաքրման-պեղման աշխատանքների ընթացքում հետաքրքիր բացահայտումներ են եղել
Հուլիսի 28-ից մեկնարկել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման երկարաժամկետ ռազմավարական ծրագրերից Սուրբ Հակոբավանքի վերականգնման ծրագիրը։
Հակոբավանքը եպիսկոպոսանիստ է եղել, գերեզմանաքարերի գրությունները փաստում են նաև նրա կաթողիկոսանիստ լինելու հանգամանքը: Թե Մեծառանից Սուրբ Հակոբավանքի վանքային համալիրի վերաբերյալ ինչ նոր բացահայտումներ կարող են լինել, կպարզվի մեկնարկած մաքրման-պեղման աշխատանքների արդյունքում:
ԱՀ Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում գտնվող վանական համալիրը կառուցվել է 5-7 դարերում։ 3 դար շարունակ վերանորոգման ոչ մի աշխատանք չիրականացնելու պատճառով վանքն այսօր կանգնած է փլուզման վտանգի առաջ։
Մաքրմար-պեղման աշխատանքները ղեկավարող հնագետ Վարդգես Սաֆարյանը մշակութային շերտի բացման, պեղման և ուսումնասիրության համար կարևորում է տարածքի մաքրման գործը:
Panorama.am-ի հետ զրույցում Վարդգես Սաֆարյանն ասաց, որ նախատեսել էին աշխատանքներ իրականացնել համալիրի՝ մինչև այժմ չպեղված երեք հատվածում. հարավ-արևելյան հատվածում՝ անկյունում ավերակներ են, հյուսիս-արևմտյան հատվածում, եկեղեցու հարավային հատվածում, որտեղ ժամանակին եղել է հարթակ։
«Առաջին հերթին մաքրման աշխատանքները ենք կատարել։ 20 օրվա ընթացքում աշխատել ենք 10 հոգանոց խմբով։ Մեզ հաջողվել է հարավ-արևելյան հատվածում մաքրել ու հայտնաբերել մի շատ հետաքրքիր կառույցի հատվածներ։ Բոլոր 4 պատերն էլ կան, դրանցից մեկը պարսպապատն է։ Բացահայտել ենք, որ ունեցել է հարավային մուտք, որը պարսպից դուրս է։ Այս մասին որևէ տեղ արձանագրված չի եղել։ Եկել ենք այն եզրահանգման, որ պահեստ կամ մառան է եղել, այսինքն սնունդ պահելու տեղ, որևէ պատուհան չի ունեցել»,- ներկայացրեց հնագետը։
Աշխատանքների ընթացքում նույն տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ գամեր, հայատառ արձանագիր քարեր, խաչքարերի բեկորներ, 1,20 մ. կիսված խաչքար։
Հյուսիս-արևմտյան հատվածում աշխատանքների արդյունքում հայտաբերվել է գրեթե իրար կից երկու շինություն, որոնք ունենք հարավային մուտքեր։ Վ. Սաֆարյանն ասաց, որ դրանք գոմեր են եղել։
Նույն տարածքում խաչքարերի բեկորներ են հայտնաբերվել։
«Գոմերից մեկում հետաքրքիր տապանաքարի կտոր է գտնվել։ Ներքևի հատվածն է մնացել, հետաքրքիր թիվ կա՝ 1181 թվական։ Հակոբավանքում ամենահին արձանագիր քարը խաչքարի պատվանդն է՝ 853 թվական։ Մեր գտածն էլ սրանից հետո ամենահինն է, արձանագրություններով մնացած խաչքարերը, տապանաքարերը 13-րդ դարի են»,- նշեց նա։
Հողի տակից հայտնաբերել են մինչ այժմ որևէ տեղ չնշված մի հենապատ, սկսվում է գոմերի մոտից ու ձգվում դեպի հարավ, մեջտեղում բացել են 4 աստիճաններ ունեցող մուտքը։
«Համալիրը բաղկացած է սրբազան վայրից և շինություններից, որոնք տարանջատված էին սրբազան տարածքից այդ հենապատով։ Դեպի եկեղեցի տանող մուտքը երկուսն են. մեկը մեր բացահայտած՝ 4 աստիճաններով արևելյան մուտքը, երկրորդը՝ վեհարանի կողմից, կրկին աստիճաններով է եղել, որոնք քայքայվել են»,- ասաց հնագետը։
Մասնագետները հարավային հատվածում հողը մաքրել են, արդյունքում բացվել է մեծ հարթակ, երկար պատ։
«Այս փուլը համարենք ավարտված։ Եթե ամեն ինչ լավ լինի, մենք լինենք մեր տեղում, մեր հայրենիքում, լինի ամեն ինչ այնպես, ինչպես մենք ենք ցանկանում, հաջորդ սեզոնին շատ գործ ունենք անելու, ավելի հետաքրքիր բացահայտումներ կանենք»,- նշեց արշավախմբի ղեկավարը։
Մաքրված ու պեղված հատվածները կկոնսերվացվեն՝ անձրևներից, ձյունից չփլվելու համար։
«Ինչպես գրքի ամեն էջ նոր բան է ասում, այդպես էլ հողի տակից հայտնաբերված ամեն մի քարի կտոր, մի նոր էջ է մեր պատմության մասին»,- ասաց Վ.Սաֆարյանը։
Հնագիտական արշավախմբի ղեկավար Վ.Սաֆարյանը նշեց, որ եկեղեցու բակի հարթման ու մաքրման աշխատանքները նախապատրաստական մեծ աջակցություն են հնագիտական նյութի բացահայտման համար, որն առաջիկայում կներկայացվի առանձին շնորհանդեսով:
Հակոբավանքում՝ հենց եկեղեցու հատվածում, վերջին անգամ պեղումներ են իրականացվել 2013 թվականին, արշավախմբի ղեկավար Գագիկ Սարգսյան, ճարտարապետ՝ Սամվել Այվազյան։
Մաքրման-պեղման աշխատանքների մեկնարկին ու վերջին օրը հայտարարված է եղել շաբաթօրյակ, որին մասնակցել են շատ արցախցիներ։
Ադրբեջանի կողմից պաշարման մեջ գտնվող Արցախում Հակոբավանքի վերականգնման նախաձեռնությունը յուրօրինակ ուղերձ է թշնամուն և աշխարհին՝ արցախցու չհանձնվելու, իր պատմությանն ու ժառանգությանը տեր կանգնելու, բոլոր դժվարություններն ու զրկանքները արժանապատվությամբ հաղթահարելու կամքի մասին:
«Իհարկե, Արցախում կան շատ դժվարություններ, հացի պակաս, բայց բոլորն էլ սրտով ու հոգով հուշաձանի հետ են։ Մենք չենք ասում հուշարձան, դա մեր հոգին պահող ամենագլխավոր սրբությունն է, ինչպես Արցախի ու Հայաստանի բոլոր եկեղեցիները։ Դրանք են մեզ պահում, եթե դրանք մոռանանք, որպես ազգ` կկործանվենք»,- ասաց հնագետ Վարդգես Սաֆարյանը։
Լուսանկարները՝ Արցախի անվտանգության և զարգացման ճակատի ֆեյսբուքյան էջից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան