Խոզանների և տերևների այրումը կարող են անդառնալի հետևանքներ ունենալ․ մասնագետների հորդորը՝ ազգաբնակչությանը
Ազգաբնակչությանը հորդորում ենք, որ խոզանների և տերևների այրում չկատարեն։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով՝ հրդեհները շրջակա միջավայրին, ինչպես նաև մեր երկրի կենսաբազմազանությանն ու կենսաանվտանգությանը սպառնացող թիվ մեկ մարտահրավերներից են։
«Վերջին տարիներին Հայաստանում աճել է հարավային լայնություններից ներթափանցող ջերմային ալիքների կրկնելիությունը, ինչի հետևանքով աճել է բնածին հրդեհների ռիսկը, բայց դա ավելի է մեծանում, երբ դրան գումարվում է մարդածին գործոնը»,- ասաց Գագիկ Սուրենյանը։
Մասնավարապես, ըստ նրա, անտառային հրդեհների ճնշող մեծամասնությունն առաջանում են դաշտերում խոզանների և չոր բուսածածկությի այրումից, որի արդյունքում չհսկվող կրակը տարածվում է մոտակա անտառներ։
Գագիկ Սուրենյանը նշեց, որ հաճախ մարդիկ չգիտակցելով դրա բացասական հետևանքների մասին, գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ կամ դրանից հետո հրդեհում են չորացած դաշտերը, որը բերում է մի շարք անցանկալի հետևանքների և մեծ վնաս է հասցնում կենսաբազմազանությանը՝ վերանում են որոշ կենդանիներ, էկոհամակարգերն են խախտվում և այլն։
«Այս վտանգներով պայմանավորված ազգաբնակչությանը հորդորում ենք, որ խոզանների և տերևների այրում չկատարեն, որը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։ Մի փոքր կրակը քամու առկայության կամ տեղումների բացակայության դեպքում կարող են ներթափանցել հարակից խոտածածկ, անտառածածկ տարածքներ և խոշոր հրդեհի պատճառ դառնալ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որը սեպտեմբերը համարվում է տարվա ամենաչոր ամիսներից մեկը, և այս պահին հանրապետության մեծ մասում հինգերորդ կարգի հրդեհավտանգ իրավիճակ է, հորդորում ենք նման գործողություններ չանել, որ զերծ մնանք մեծամասշտաբ հրդեհներից»,- ասաց նա։
Շրջակա միջավայրի նախարարության Ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության վարչության պետ Սաղաթել Պետրոսյանն էլ նշեց՝ թյուր կարծիք կա, թե խոզանների և տերևների թափոնների այրումը կարող է բարձրացնել հողի որակը։ Հակառակը, ըստ նրա, հրդեհների արդյունքում վատթարանում է հողի օրգանական կազմը, ոչնչանում է հողային կենսաբազմազանությունը, նվազեցվում է խոնավությունը, ինչպես նաև հողի բերրիությունը։
Նա նաև ասաց, որ նման երևույթների արդյունքում գրանցվում է օդի որակի վատթարացում, ավելանում են մարդկանց, կենդանիների շնչառական խնդիրները։
«Հրդեհներից հետո անձրևներն էլ կարող են առաջացնել հողի էրոզիա, առաջացած մասնիկերն էլ կարող են հայտնվել ջրային էկոհամակարգեր, ինչի պատճառով ջրերի աղտոտում կարող է տեղի ունենալ»,- ասաց պաշտոնյան։
Սաղաթել Պետրոսյանի խոսքով՝ նման երևույթները մարդու առողջության վրա նույնպես լուրջ ազդեցություն են ունենում։ Մասնավորապես, այրումներից թունավոր քիմիական նյութ է անջատվում` բենզապիլեն, ինչը նպաստում է թոքերում քաղցկեղի առաջացմանը։
Նա նաև հիշեցրեց, որ համաձայն «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի՝ արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներն ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի և խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում։ Այս օրենքը խախտելն առաջացնում է վարչական պատասխանատվություն` ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 50-պատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ 150-պատիկի չափով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան