Ինչ են ասում քաղաքապետի թեկնածուների կարգախոսները -1
Ինտերնետը լիքն է կարգախոսներով, դրանք գրելու խորհուրդներով։ Թե ինչու պիտի կարգախոսով գնալ ընտրությունների՝ անկեղծ, չգիտեմ։ Գուցե որովհետև կան մարդիկ, ում համար կարգախոսը միակ խոսքն է, որ նա ասել է մինչև առաջադրվելը։ Կամ գուցե ուղղակի տրամաբական առաջադրանք է՝ տեսնենք ինչպես կխցկեք ասելիքներդ կարճ մտքի մեջ։ Ինչևէ՝ հետաքրքիր է նայել, թե քաղաքապետի որ թեկնածուն ինչ կարգախոսով է ներկայանում։ Ինչպես ասում են՝ դիմավորում են ըստ կարգախոսի, ուղեկցում՝ ըստ խելքի։ Կամ՝ ուղարկում։
Արտակ Գալստյան – Հանրային ձայնը քո ձայնն է։
Սա բռնություն է։ Ինչու պիտի հանրային ձայնը իմ ձայնը լինի, ես ինչ է՝ սեփական մտքեր չունեմ, խելք չունեմ, տարբեր լինելու իրավունք չունեմ...։ Այդ ով է այդ Հանրայինը, որ խլել է իմ ձայնը։ Չէ, եթե տրամաբանություն լիներ, կգրեր՝ քո ձայնը հանրային ձայնն է՝ ծանրացնելով ու կարևորելով յուրաքանչյուր ձայն։ Բայց դե՝ կամ հայերենի չիմացությունն է, կամ անկեղծ բռնություն։
Արման Ղուկասյան -Դու կարո՛ղ ես։
Կոնկրե՞տ։ Թե՞ ընդհանրապես։
Բո՞րշ եփել, թե՞ արարչական կարողության մասին է խոսքը։
Անեկդոտ հիշեցրեց. Ոզնին անտառում, մառախուղի մեջ ինքնաներշնչմամբ է զբաղվում՝ ես չեմ ...ի, ես չեմ ...ի։ Ը։ Դա ես չէի, դա ես չէի։
Տիգրան Ավինյան – Ասե՛ք, կանենք։
Ը։
Արտակ Զեյնալյան – Իմ Երևանն ես...
Ու բազմակետ, էլի։ «Պոետիկ» ինչ-որ բան, անհասկանալի՝ ում, անհասկանալի՝ ինչքան... Ու հետևաբար՝ անհասկանալի, թե ինչու։
Նորիկ Նորիկյան -Վստահի՛ր, հավատա՛, փոխելու ենք...
Մի բազմակետ էլ սա։ Հա դե՝ վստահիր ու հավատա բառերը այսքան հիասթափություններից հետո միայն հրամայական եղանակով կարելի է զոռել, շեշտերը պարզ են՝ ինչու։ Փոխելու ենք ...-ը... միթե՞ նիկոլին։ Թե՞ աղբամանները։
Եթե այս կարգախոսի բանաձևը հստակեցնենք, կստացվի՝ հրամայում եմ երևակայես։
Մի խոսքով՝ ով ինչ ուզում է, ինչքան ուզում է, կարող է խորանալ։
Երվանդ Թարվեդյան – Սիրտդ տուր Երևանիդ։
Պաղպաղակդ երեխայիդ, մածունդ կատվիդ, ճաշդ հարևանին, ընթրիքդ՝ թշնամուդ... Ու՝ այդպես։ Բայց ինչ կապ ունի ԹարվեդյանԴ։ ԵրևանիՍ հետ՝ ասված չէ։ Երևի նկատի է ունեցել, որ սիրտը տալուց հետո ձայնն էլ իրե՞նն է։ Հըմ։
Վիկտոր Մնացականյան – Մարդամոտ քաղաք։
Ճիշտն ասած՝ պտտեցի մտքումս մի քանի անգամ, որ ինչ որ բան կպցնեմ, բայց բավական հաջող կարգախոս է, պիտի խոստովանեմ։ Իհարկե, եթե խոսքը պարզունակ՝ զբոսաշրջիկներ բերելու մասին չէ։ Մի քիչ հիշեցնում է «Երեխայակենտորն դպրոց»-ին։ Մի քիչ էլ՝ Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան։ Կամ՝ մոտիկ։ Չգիտեմ, քաղաքական սկզբունքներ իրավիճակի մասին երբևէ չեմ լսել ու այն կարգախոսում էլ չկա։
(շարունակելի)