Հնարավո՞ր է արդյոք բուժել պսորիազը
Մաշկային հիվանդությունները բազմաթիվ են և բազմազան։ Ինչ-որ տարիքում մարդկանց մոտ ի հայտ է գալիս որևէ մաշկային հիվանդություն, ալերգիաներ, որոնց բուժման համար երբեմն բավականին երկար ժամանակ է պահանջվում։
Դրանցից մեկն էլ պսորիազն է, որով տառապում է աշխարհի բնակչության մոտ 2-3%-ը։
Օգոստոսը պսորիազ հիվանդության իրազեկման ամիսն է։ Ինչ է իրենից ներկայացնում պսորիազը, որոնք են ախտանիշները, հնարավո՞ր է արդյոք ազատվել այդ հիվանդությունից, ինչ բուժման մեթոդներ կան։ Այս և այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է մաշկաբան Դավիթ Հարությունյանի հետ։
- Շատ մարդիկ, ներառյալ պսորիազով տառապողները, այնքան էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ հիվանդություն է դա: Պատմեք, թե ի՞նչ է այն իրենից ներկայացնում։
- Պսորիազային հիվանդությունը բազմապատճառագիտական, բազմախտածագումնային, բազմագենային ժառանգմամբ, աուտոիմուն բորբոքային, էրիթեմային-թեփուկային խրոնիկական մաշկախտ է:
Հիվանդությունը կարող է զարգանալ ցանկացած տարիքում: Նոր դեպքերի մոտավորապես 10-15%-ը հանդիպում է 10 տարեկանից փոքր երեխաների մոտ, սակայն հիվանդությունն առաջին անգամ ի հայտ է գալիս միջինը 28 տարեկանում։ Այն ավելի հաճախ հանդիպում է կանանց, քան տղամարդկանց մոտ:
Պսորիազն ունի իր «սիրելի» լոկալիզացիան, որտեղ ավելի հաճախ է հանդիպում: Հիվանդությունը հիմնականում տարածվում է արմունկների, ծնկների, գլխի մազածածկ հատվածներում, երբեմն հանդիպում է նաև սեռական օրգանների շրջանում: Առավել ծանր դեպքերում ախտահարվում են նաև եղունգները:
Մաշկը պատվում է կարմրավարդագույն հանգույցիկներով և վահանակներով՝ արծաթասպիտակավուն թեփուկներով։ Գլխամաշկի պսորիազը շատ հաճախ արտահայտվում է քորով, բայց մարմնի մնացած հատվածներում քորը բնորոշ չէ:
- Պսորիազի ի՞նչ տեսակներ կան։
Լինում է վուլգար պսորիազ, թարախաբշտիկային, կաթիլային, արթրոպաթիկ և էրիթրոդերմիկ պսորիազ։ Թարախաբշտիկային պսորիազը հազվադեպ հանդիպող տեսակ է, այդ ժամանակ վահանիկները ծածկված են թարախաբշտիկներով։
Հիվանդների 30%-ի մոտ հանդիպում է պսորիազային արթրիտը, որը կարող է ախտահարել մանր և խոշոր հոդերը, ինչպես նաև՝ ողնաշարը։
Մյուս տեսակը էրիթրոդերմիկ պսորիազն է, որն ախտահարում է մաշկի 80 և ավելի տոկոսը։ Այս դեպքում պահանջվում է անհապաղ հոսպիտալացում։
- Կա՞ն հիվանդության առաջացման որոշակի պատճառներ:
- Պսորիազի առաջացման հստակ պատճառները վերջնական նկարագրված չեն։ Հիմնական գործոն համարվում է ժառանգականությունը։ Այո, այն ունի գենետիկ նախատրամադրվածություն, բայց ժառանգական հիվանդությունների շարքին չի դասվում։ Եւ կարող է մարդ լինի այդ գենի կրողը, բայց ոչ մի պսորիատիկ տարր չունենա։
Նշեմ նաև, որ պսորիազային հիվանդությունն ասոցացվում է ծխելու, ալկոհոլի, մետաբոլիկ համախտանիշի, լիմֆոմայի, սուիցիդների, վտանգավոր դեղամիջոցների և լուսային թերապիայի, ինչպես նաև, հնարավոր մելանոմայի և ոչ մելանոմային ուռուցքների հետ:
Հիվանդությունը գրեթե միշտ ուղեկցվում է սիրտ-անոթային, նյարդահոգեկան և այլ օրգան համակարգերի գործունեության խախտումներով, այսպես կոչված կոմորբիդ ախտաբանությամբ: Պսորիազի թեթև ձևերով հիվանդների մոտ, որևէ այլ պաթոլոգիայի հայտնաբերման հավանականությունը ավելի քան 11 % է, միջին ծանրության ձևերի դեպքում մոտ 15 % է, իսկ ծանր ձևերի դեպքում գերազանցում է 35%-ը:
- Հավանակա՞ն է, որ պսորիազ ունեցող ծնողների երեխաները նույնպես այս հիվանդությունը կունենան:
- Եթե հիվանդ է ծնողներից մեկը, ապա հիվանդության առաջացման ռիսկը երեխայի մոտ կազմում է 8%, երկու ծնողների հիվանդ լինելու դեպքում` 41%: Ժառանգական նախատրամադրվածությունը շատ կարևոր է, սակայն հիվանդության դրսևորման մեջ մեծ նշանակություն ունեն նաև միջավայրային գործոնները (մոտ 30 % է):
Ուզում եմ անպայման նշել՝ եթե ծնողներն ունեն այս հիվանդությունը , դա չի նշանակում, որ նրանց երեխաները ևս պարտադիր պետք է տառապեն պսորիազով։ Լինում են դեպքեր, որ մարդիկ ուղղակի երեխա չեն ունենում կամ սահմանափակվում են մեկ երեխայով՝ վախենալով, որ իրենց ժառանգները նույնպես կունենան այս հիվանդությամբ և կհայտնվեն նույն սթրեսային վիճակում։
- Այսօր ամենուրեք կարելի է տեսնել պսորիազի բուժման մեթոդների մասին գովազդներ, բայց արդյոք հնարավոր է պսորիազը բուժել, քանի որ այն համարվում է դժվար բուժվող մաշկային հիվանդություններից մեկը։
- Հիվանդության բուժման համար պետք է պարտադիր դիմել բժիշկի, գայթակղիչ գովազդներով պետք չէ տարվել։ Ցավոք, ներկայում ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում չկա պսորիազի վերջնական բուժում հասկացություն։ Նոր դեղամիջոցների, բժշկագիտության զարգացման շնորհիվ առավել վերահսկելի է դարձել, բայց իսպառ վերացնել հնարավոր չէ։
Իսկ նման գովազդները զուտ կոմերցիոն նպատակ ունեն։ Շատ հաճախ անհատներին, կլինիկաներին, հեքիմներին դիմելուց հետո հիվանդներն ավելի ծանր վիճակում հայտնվում են հիվանդանոցում։ Ի վերջո պետք է հասկանալ, որ անհայտ ծագման դեղեր օգտագործելով, որոնք չունեն բաղադրություն, կամ ինչ-որ մեկի տատիկի սարքած դեղերն են, հնարավոր է կարճատև վիճակը բարելավվել, բայց հետագայում էլի ավելի սրացնել հիվանդությունը։
Պսորիազի բուժումը պետք է լինի համալիր, ախտածագումնային, երկարատև (հաճախ ամբողջ կյանքի ընթացքում): Բուժման հիմնական նպատակն է կասեցնել գործընթացի սրվածությունը, նվազեցնել ռեցիդիվների հաճախականությունը, նվազեցնել կոմորբիդ ախտաբանության առաջացման ռիսկը և այսպիսով նպաստել պահպանելու աշխատունակությունը և բարձրացնել կյանքի որակը:
- Որոշ մասնագետներ ահազանգում են, որ վերջին տարիներին հիվանդությունը հաճախ սկսել են նկատել երեխաների մոտ: Ինչով է դա պայմանավորված։
- Այն, որ երիտասարդացել է հիվանդությունը, փաստ է։ Թե երեխաների, թե մեծասակների շրջանում հիվանդության դեպքերի աճը պայմանավորում եմ երկու գործոնով։
Առաջինը՝ այսօր բժշկական հաստատություններ դիմելիությունն է ավելացել, մարդկանց վարքագիծն է փոխվել։ Եթե 20 տարի առաջ երեխան պսորիազ ունենար, հնարավոր է ծնողներն ամաչեին բարձրաձայնել այդ մասին։ Հիմա ժամանակները փոխվել են, ծնողները փորձում են անմիջապես դիմել բժշկի, հետազոտել և բարելավվել երեխայի վիճակը։
Նույնը վերաբերում է կանանց։ Հաճախ են հարցնում՝ ինչո՞ւ է նրանց մոտ ավելի հաճախ հանդիպում պսորիազ հիվանդությունը։ Կարծում եմ ՝ կանայք ավելի հաճախ են դիմում բժշկի, քանի որ էսթետիկ առումով դա նրանց ավելի շատ է անհանգստացնում, դրա համար դիմելությունը մեծ է։
Երկրորդ գործոնը պայմանավորված է արտաքին միջավայրով՝ սկսած սննդամթերքից վերջացրած օդի աղտոտվածություն, սթրես։ Իրականում սթրեսները մեծ դեր ունեն պսորիազի ժամանակ։
- Մարդիկ մտածում են, թե պսորիազը վարակիչ է, խուսափում են հիվանդի հետ սերտ շփումից։ Ի վերջո այն վարակիչ հիվանդությո՞ւն է, թե ոչ։
- Պսորիազը համարվում է ոչ վարակիչ հիվանդություն։ Դա ապացուցելու կարիք չկա։
- Սնունդը կարո՞ղ է ազդել պսորիազի բուժման արդյունավետությանև ընթացքի վրա։
- Շատ տարածված երևույթ է՝ ինչպես այլ հիվանդությունների, այնպես էլ պսորիազի ժամանակ հարևան-բարեկամների խորհրդով սննդակարգ են կազմում, չիմնավորված դիետաներ են պահում, իրենց զրկում են գրեթե ամեն ինչից, որը բացարձակ հիմնավորում չունի։
Պսորիազի համար դիետա հասկացությունն ապացուցված չէ, ուղղակի հիվանդներին խորհուրդ ենք տալիս առողջ ապրելակերպ վարել, լյարդը շատ չծանրաբեռնող սնունդ ուտել, ինչը սովորական առողջ մարդուն է ցուցված։ Պսորիազով հիվանդին կարելի է ամեն ինչ, եթե, իհարկե, նա չունի ուղեկցող մեկ այլ հիվանդություն, որի ժամանակ հակացուցված են որոշ մթերքներ։
Եղել են դեպքեր, որ երեխաներին կտրականապես արգելել են քաղցրը, բայց եթե նա չունի դիաբետ, այլ խնդիրներ, ապա քաղցրը պսորիազի վրա չի կարող բացասաբար անդրադառնալ։ Դրանով միայն նրանց դեպրեսիան կխորացնենք, իսկ պսորիազով հիվանդները հաճախ են դեպրեսիայի մեջ ընկնում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան