Վաչագան Ղազարյանը ցանկանում է «Եռաբլուր» պանթեոնի 4 միավոր հողատարածքները ՀՀ-ին վերադարձնել
2020 թվականի հոկտեմբերի 20-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում սկսվել է ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի և նրան փոխկապակցված անձանց պատկանող գույքի վերաբերյալ ուսումնասիրությունը։
Գլխավոր դատախազությունից հայտնում են՝ կատարված ուսումնասիրության արդյունքում՝ Գլխավոր դատախազությունը 2022 թվականի մայիսի 31–ին Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում՝ պահանջելով Վաչագան Ղազարյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել օրինական եկամուտներով չհիմնավորվող շուրջ 1 մլրդ 647 մլն դրամ և 7 մլրդ դրամ շուկայական արժեքով գույք։
2023 թվականի օգոստոսի 22–ին Վաչագան Ղազարյանի և նրան փոխկապակցված անձանց կողմից Գլխավոր դատախազություն է ներկայացվել հայցապահանջը մասնակի ընդունելու և հայցապահանջում ներառված «Եռաբլուր» զինվորական պանթեոնի 4 միավոր անշարժ գույքերը Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցելու վերաբերյալ դիմում։ Դիմումի հիման վրա՝ ՀՀ գլխավոր դատախազության և դիմում ներկայացրած անձանց միջև 2023 թվականի օգոստոսի 22–ին կնքվել է հաշտության համաձայնություն, որը նույն օրը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան՝ օրենքով սահմանված կարգով հաստատելու նպատակով։
2023 թվականի օգոստոսի 30-ին Հակակոռուպցիոն դատարանում կայացված նիստում որոշվել է, որ դատական ակտը կհրապարակվի վաղը՝ օգոստոսի 31-ին։
Հայցապահանջի մնացած մասով Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից ներկայացված հայցի քննությունը։
Դատախազությունից հիշեցնում են, որ նշված 4 գույքերն Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում գնահատվել են որպես առերևույթ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքեր:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա