Լեռնային Ղարաբաղ. «Մարդիկ ուշաթափվում են հացի հերթում» BBC-ի անդրադարձը
Արցախցիները Լաչինի միջանցքն անվանում են կյանքի ճանապարհ, քանի որ այն միակ ճանապարհն է, որով 120 հազար հայեր կարող են կապ հաստատել Հայաստանի հետ։ Բայց արդեն ինն ամիս է, որ Ադրբեջանի իշխանությունները փակել են Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով այնտեղ սննդի, դեղորայքի, հիգիենայի ապրանքների և վառելիքի խիստ պակաս կա: Այս մասին գրում է BBC-ն։
18-ամյա Հայկը (անունը փոխված է) կանգնած է Գորիսի հյուրանոցներից մեկի պատշգամբում և տեսազանգով զրուցում է Արցախում գտնվող մոր հետ։
«Ձու չկա, շաքար չկա, քաղցրավենիք ընդհանրապես չկա, հացը կտրոնով են տալիս, պետք է արթնանալ առավոտյան ժամը 4-ին, որպեսզի հերթ կանգնես»,-ասում է Հայկի մայրը, որն ապրում է Մարտակերտում։
Հաերը չեն կարողանում հասնել իրենց ընտանիքներին, որոնք գտնվում են Լաչինի միջանցքից այն կողմ, քանի որ այն փակել է Ադրբեջանը։ Ոչ մի ակնախ ԶԼՄ չի կարողացել հասնել Լեռնային Ղարաբաղ։ Դատարկ խանութների լուսանկարներն ու տեսանյւթերը շրջանառվում են սոցիալական ցանցերում։
Արցախցի լրագրող Իրինա Հայրապետյանը պատմել է, որ տրանսպորտի համար վառելիք չկա, մարդիկ ստիպված են ոտքով կտրել երկար ճանապարհ, անցնել կիլոմետրեր՝ գնելու ինչ-որ բան, որով կարող են կերակրել իրենց ընտանիքներին։
Լեռնային Ղարաբաղի տեղական իշխանությունները նշում են, որ մահացության յուրաքանչյուր երրորդ դեպքը տեղի է ունենում թերսնման պատճառով:
«Ես դեպք գիտեմ, երբ հղի կինն իր երեխային կորցրել է, քանի որ բենզին չի եղել, որ հիվանդանոց տեղափոխեն»,- ասում է Հայկի մայրը։
Նա ասում է՝ մարտ ամսից ի վեր գազ չկա, վառելիք, դեղորայք, նույնիսկ շամպույն չկա, կանոնավոր հոսանքազրկումներ են:
«Ձմռան գալու հետ վիճակն ավելի կվատանա»,-ասում է կինը:
Աղբյուրը նշում է, որ 400 տոննա հումանիտար բեռով՝ այդ թվում մանկական կերերով, դեղորայքով, սննդով բեռնված մեքենաները կայանել են անցակետից քիչ հեռու։
Հարակից հրապարակումներ`
- Ցորենի աճող սղությամբ պայմանավորված Ստեփանակերտում այսօրվանից ավելի է նվազել արտադրվող հացի ծավալը
- Սիսիանում մարդիկ ցնծության մեջ են, Արցախում նույն ժամին մարդիկ հացի հերթերի մեջ են. Բագրատ Սրբազան
- Պաշարված Արցախ. 13 տարեկան Արսենը արդեն 3-րդ անգամ է հացի հերթի տետրում անունը գրում, բայց առանց հացի տուն վերադառնում