Հասարակություն-իշխանություն հարաբերություններում ունենք որոշակի անջրպետ, որը պետք է վերացվի. Դավիթ Իշխանյան
«Առաջին հայացքից անտրամաբանական է հնչում, որ երեք հոգանոց խմբակցության անդամը լինի Ազգային ժողովի նախագահ։ Մենք դասական իրավիճակում չենք, եթե լինեինք դասական իրավիճակում և դասական քաղաքական գործընթացներ տեղի ունենային, այդ պարագայում հասկանալի, տրամաբանական կլիներ, որպեսզի քաղաքական մեծամասնությունն ունենա խորհրդարանի նախագահ»,- ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը՝ պատասխանելով հարցին, թե երեք հոգուց բաղկացած խմբակցության անդամն, այն էլ ընդդիմադիր, ինչպե՞ս է ընտրվել ԱԺ նախագահ։
Նա նշեց, որ խորհրդարանում ներկայացված 5 քաղաքական ուժերից միայն 4-ն է համախմբվել իր թեկնածության շուրջ, բայց չի կարելի ասել, որ մյուս քաղաքական ուժը, ի դեմս «Միասնական հայրենիք» -ի, արմատապես դեմ էր։
«Ես կարող եմ ասել, որ եղել է ընդհանուր համախոհություն՝ կողմ, դեմ հասկացողությունը մի կողմ դնել, քանի որ այդ ընդհանուր համախոհությունը բխում էր այն հիմնախնդիրներից, հարցերից, ծրագրերից, որոնք մեր առջև են, որոնց մասին մենք ունենք պատկերացումներ։
Մեր համախոհությունը վերաբերում են արտաքին հիմնախնդիրներին, իսկ ներքին հարցերի հետ կապված, անշուշտ, ունենք որոշ պատկերացումների տարբերություններ, բայց, կարծում եմ, այդ պատկերացումներն իրար մոտեցնելու ոչ միայն անհրաժեշտությունը, նաև մղումները կան։
Իմ կողմից, ԱԺ կողմից փորձ է արվում, որպեսզի կարողանանք ընդհանուր մթնոլորտ ձևավորենք նաև մեր հանրային դաշտում, քանի որ հասարակություն-իշխանություն հարաբերությունների կոնտեքստում մենք ունենք որոշակի անջրպետ, որը պետք է վերացվի»,- ասա Դ. Իշխանյանը։
Հիշեցնենք որ օգոստոսի 7-ին Արցախի խորհրդարանի ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը, ձայների 22 կողմ, 9 դեմ հարաբերակցությամբ, փակ-գաղտնի քվեարկությամբ, ընտրվել է Արցախի Ազգային ժողովի նախագահ։
Արթուր Թովմասյանը Արցախի խորհրդարանի խոսնակի պաշտոնից հրաժարական տվեց իր պաշտոնավարումից երեք տարի անց՝ այս տարվա հուլիսի 29-ին։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Իշխանյանը հանդիպել է Արցախի ԱԺ նախկին նախագահների հետ
- «Դավիթ Իշխանյանն իր սկզբունքային դիրքորոշումներով աչքի ընկնող պետական գործիչ է, ով այսօր չափազանց վտանգավոր պաշտոն է ստանձնել»
- Առանց մեր մասնակցության հրաշքներ չեն կարող լինել․ ԱՀ ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյան
- Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին
- Արցախի ԱԺ նախագահ ընտրվեց Դավիթ Իշխանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան