Ներկայացվել են բռնի անհետացումներն ապացուցող բազմաթիվ վկայություններ, սակայն Ադրբեջանը նրանց մասին որևէ տեղեկություն մինչ օրս չի հայտնել. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ.
«13 տարի առաջ՝ 2010 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան թիվ 65/209 բանաձևով սահմանեց բռնի անհետացումների զոհերի օրը՝ մտահոգություն հայտնելով «աշխարհի տարբեր հատվածներում բռնի կամ հարկադիր անհետացումների աճով, ներառյալ ձերբակալությունները, կալանավորումներն ու մարդկանց առևանգումները»:
Կարևորելով պայքարը բռնի անհետացումների դեմ, այդ թվում՝ այս հանցագործության կանխարգելումն ու անպատժելիության դեմ պայքարը, Հայաստանը ստորագրել և վավերացրել է «Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիան:
Կոնվենցիան, ինչպես նաև մարդու իրավունքների ոլորտում միջազգային այլ հիմնարար փաստաթղթերը վերահաստատում են յուրաքանչյուր մարդու բռնությամբ անհետացման չենթարկվելու և տուժողների անհետաձգելի, արդար և համարժեք փոխհատուցում ստանալու իրավունքը:
Բռնի անհետացումների հարցն ամենածանր և երկարատև խնդիրներից է թե՛ հակամարտությունների ժամանակ և թե՛ դրանից հետո: Այդ ողջ ընթացքում անհետ կորածների ընտանիքները շարունակում են սպասել, փնտրել և հավատալ իրենց հարազատների վերադարձին:
Ցավալիորեն, այս խնդրից անմասն չի մնացել նաև հայ հասարակությունը։ 2020թ. ադրբեջանական ագրեսիայի արդյունքում դեռևս նախորդ դարի 90-ականների հարյուրավոր անհետ կորածների և բռնի անհետացումների դեպքերին ավելացան նաև նորերը, երբ անգամ փաստագրված և տեսագրված ապացույցների պարագայում հայ զինծառայողների ճակատագիրը պարզելու հարցում Ադրբեջանի իշխանություններն անգործություն են ցուցաբերում։
Մտահոգված լինելով 44-օրյա պատերազմի ընթացքում հարյուրավոր անհայտ կորածների ճակատագրով՝ Հայաստանն ուշադրություն է հրավիրում նաև այն դեպքերի վրա, երբ ներկայացվել են բռնի անհետացումներն ապացուցող բազմաթիվ տեսանյութեր և վկայություններ, սակայն Ադրբեջանի կողմից վերոհիշյալ անձանց ճակատագրի և գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն մինչ օրս չի հայտնվել:
Այս համատեքստում Հայաստանը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը միջազգային դատական ատյաններին խնդիրը ներկայացնելու համար, այդ թվում հաշվի առնելով այն հանգամանքը, որ բռնի անհետացումները որոշակի հանգամանքներում նաև միջազգային իրավունքով սահմանված մարդկության դեմ գործած հանցագործություն են:
Բռնի անհետացումների միջազգային օրվա խորհուրդներից մեկը բոլոր պետություններին հիշեցումն է այն մասին, որ պետք է հարգվի ընտանիքների իրավունքը՝ իմանալ ճշմարտությունն իրենց հարազատների ճակատագրի մասին:
Օգոստոսի 30-ն այն օրն է, երբ մենք ոչ միայն անդրադառնում ենք բռնի անհետացումների դեպքերին, այլ վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ հաղթահարելու բոլոր խոչընդոտները՝ անհայտ կորածների ճակատագիրը պարզելու համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան