Մեզ արգելվեց մարդասիրական օգնությունն անցկացնել Լաչինի միջանցքով. ֆրանսիացի պաշտոնյան
«Ադրբեջանը չի թողնում, որպեսզի արցախահայերն ազատ ապրեն, մարդիկ, նորածինները բավարար քանակի սնունդ չունեն, խիստ սահմանափակ են գազի, ջրի, էլեկտրականության հասանելիությունը»,- ասաց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակության անդամներից մեկը` Օ դը Ֆրանս ռեգիոնի նախագահ Քսավիե Բերտրանին:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի քաղաքներից Արցախի Հանրապետությանն ուղարկված հումանիտար բեռներով 10 բեռնատար մեքենաներն արդեն Լաչինի միջանցքի սկզբնամասում են՝ Կոռնիձորի սահմանային հատվածում: Այնտեղ է նաև Ֆրանսիայից Հայաստան ժամանած պատվիրակությունը։
Ֆրանսիացի պաշտոնյան իր խոսքում նաև ասաց. «Այդ մարդիկ այդ ամենից զրկված են Ադրբեջանի պատճառով, որն արհամարհում է միջազգային իրավունքը։ Ահա թե ինչու միացել ենք ու կազմակերպել մարդասիրական այս շարասյունը, որպեսզի մինչ միջազգային իրավունքն ամբողջապես գործի, կանայք, երեխաները կարողանան արժանապատվ ապրել։ Դա մեզ արգելվեց։
Ուզում ենք սա ազդադարել ու դատապարտել»,- ասաց նա։
Ֆրանսիացի պաշտոնյան նշեց, որ մարդասիրական բեռի մի մասը կբաժանվի Արցախից փախստականներին, մի մասը կպահվի, միգուցե ճանապարհը բացվի, ապա դիմեց մյուս պատասխանատուներին՝ նման նախաձեռնությունը կկրկնվի, որպեսզի միջազգային հանրությունն արթնանա։
«Ողբերգություն է տեղի ունենում այստեղ։ Բոլորս Հայաստանի ու Արցախի կողքին ենք։ Ադրբեջանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղը դարձնել բանտ և այնտեղից քշել բնակիչներին։ Բանտ կամ նույնիսկ վանդակ, խուց։ Մենք չենք ցանկանում այն վանդակ դառնա, այլ ցանկանում ենք, որ բնակիչներն ազատ ապրեն այնտեղ»,- ասաց նա՝ հավելելով որ այս ողբերգությունից ու նոր ողբերգություններից հնարավոր է իրականում խուսափել, միջազգային հանրությանը հիշեցրեց նախորդ դարում տեղի ունեցածը։
Ֆրանսիացի պաշտոնյան նաև նշեց, որ իրենց պատվիրակության անդամները ամենատարբեր քաղաքական հայացքներ ունեցող գործիչներ են, բայց բոլորով Ֆրանսիայի նախագահից պահանջում են, որպեսզի ՄԱԿ ԱԽ բանաձև ներկայացնի ի շահ Արցախի ժողովրդի։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱԳՆ-ն երախտագիտություն է հայտնում Անն Իդալգոյին ու Ֆրանսիայի այլ ընտրված պաշտոնյաներին
- Անն Իդալգո. Պետք է խոսել շատ հստակ, այն, ինչ տեղի է ունենում Արցախում այսօր, նման է ցեղասպանության
- Փարիզի քաղաքապետն ուղեկցում է Արցախ տարվող հումանիտար բեռը. «Ժամանակը սպառվում է»
- Ֆրանսիայից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով մեքենաները շարժվել են Երևանից
- Փարիզի քաղաքապետը և մի շարք անձինք օգոստոսի 30-ին կայցելեն Բերձորի միջանցք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին