Պահարաններում մոռացված հագուստը նոր շունչ է ստանում․ շրջափակված Արցախում սեպտեմբերի 1-ին են պատրաստվում
36-ամյա Օլգան դարակներից հանել է վաղուց մոռացված հագուստը, լվացել, ձևափոխել, հարմարեցրել երեխաներին, նույնիսկ ավելացած կտորներից աղջիկներին մազակալներ պատրաստել։ Անկախ ամեն ինչից, Արցախում սեպտեմբերի 1-ին են պատրաստվում։
Հինգ երեխաների մայրը հիշում է, թե նախորդ տարիներին օգոստոսի կեսերից ինչ իրարանցում էր սկսվում տանը․ աղջիկները վիճում էին, թե ում զգեստն է ավելի գեղեցիկ, ինչ պայուսակ պետք է բռնեն, ինչ նկարներով պետք է տետրերը լինեն, իսկ տղան միայն հագուստի հարցում էր բծախնդիր։ Այսօր այդ իրարանցումը չկա, երեխաները հասկանում են՝ պետք է հանգնեն այն, ինչ ունեն, այլընտրանք չունեն։
Օլգայի զավակներից չորրորդն այս տարի առաջին դասարան է հաճախելու։ Նա ամիսներ շարունակ սրտի թրթիռով սպասել է այս օրվան, հաճախ էլ ձեռքն ընկած մատիտներով նկարել իրեն՝ դպրոցի ճանապարհին։ «Այդ նկարներում միշտ իրեն պատկերել է վառ գույներով և պարտադիր ծաղիկները ձեռքին։ Հիմա քույրերը մտածում են թղթից ծաղիկներ պատրաստել, որ երեխայիս նկարածը լիարժեք լինի»,- Panorama.am-ի թղթակցի հետո զրույցում պատմում է Մարտակերտում բնակվող Օլգան։
Նրա հինգ երեխաներից երեքը սեպտեմբերի 1-ին գնալու են դպրոց, իսկ տղան՝ քոլեջ, սակայն դեռ պարզ չէ, թե ինչպես են տղայի ուսման հարցը կազմակերպելու, քանի որ քոլեջը Ստեփանակերտում է, իսկ տրանսպորտ չի գործում։
«Ոչ միայն մենք, այլև հազարավոր ընտանիքներ բախվել են այս խնդրին՝ ինչպես դպրոց, քոլեջ, մանկապարտեզ ուղարկեն իրենց երեխաներին»,- նշում է նա։
Օլգայի խոսքով՝ թեև հագուստի, պայուսակի հարցը մի կերպ կարող են լուծել, դպրոցի տնօրենն էլ ասել է՝ երեխաները թող հանգնեն այն, ինչ ունեն, բայց գրենական պիտույքներ չկան, հազիվ մի քանի գրիչ են կարողացել գտնել։
Նրան հատկապես մտահոգում է սննդի հարցը։ «Մենք սեփական տանն ենք ապրում, հող ենք մշակում, քիչ թե շատ կարողանում ենք բազմանդամ ընտանիքի օրվա ուտելիքի հարցը լուծել, բայց հիմա ավելի դժվար է լինելու, քանի որ անհրաժեշտ վիտամիններ չեն ստանում, թերսնումից թուլացած երեխաները կկարողանա՞ն հաճախել դպրոց, ավելին՝ սովորել»,- ասում է բազմազավակ մայրը։
Երեխաները հատկապես քաղցրի կարիք ունեն։ Օլգան պատմում է, որ աղջիկներից մեկը մի քիչ վատառողջ է ու անընդհատ քաղցրավենիք է ուզել։ «Ամեն օր մի քանի թուզ, խաղող եմ հավաքում ու դոշաբ պատրաստում, որ գոնե այդպես քաղցրի պահանջը բավարարեն։ Այս մտահոգությունը միայն իմ երեխաների համար չէ, մեծ ցավ եմ ապրում, երբ մտածում եմ՝ ինձանից մի քանի մետր հեռու ապրող մի երեխա կարող է սոված լինել»,- նշում է 36-ամյա կինն ու միաժամանակ հավելում, որ իրենց բազմանդամ ընտանիքում, որտեղ ապրում են ամուսնու ծնողների, եղբոր ընտանիքի հետ, փորձում են իրենց այգուց ստացած բերքից նաև ուրիշներին էլ բաժին հանել, բայց դա էլ, ըստ նրա, ոչ միշտ է ստացվում։
«Վիճակը շատ ծանր է, բայց ամենացավալին հայրենիք չունենալն է։ Ես ուզում եմ, որ իմ զավակներն իրենց հայրենիքում, իրենց ծննդավայր Մարտակերտում ապրեն։ Միմիայն դա եմ ուզում»,- ասում է Օլգան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան