Նոր չափորոշիչը լավ արդյունք է ունենում և ազդում է սովորողների առաջադիմության բարձրացման վրա. ԿԳՄՍ նախարար
ՀՀ կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ կառավարության ծրագրի կարևոր թիրախներից է հանրակրթության բովանդակային բարեփոխումները, որի շրջանակում 2021 թվականին փետրվարին արդեն իսկ հաստատվել է Հանրակրթության նոր պետական չափորոշիչը և նույն թվականի սեպտեմբերից՝ փորձարկվել Տավուշի մարզի դպրոցներում:
Նախարարը տեղեկացրել է, որ այս տարվա սեպտեմբերից չափորոշիչը կներդրվի փուլային տարբերակով ՀՀ բոլոր ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում: Միաժամանակ, հաշվի առնելով փորձարկման երկու տարվա փորձը՝ նախագծով չափորոշչում առաջարկվում են մի շարք փոփոխություններ, որոնք ուղղված են լավարկելու գործընթացը:
«Դրանք հիմնականում երկու պատճառ ունեն՝ առաջինը բուն փորձարկման գործընթացն է, որի ժամանակ նկատել ենք բարելավման կարիք ունեցող հարցեր, օրինակ՝ կրթական տարբեր աստիճաններում ժամաքանակի բաշխման, սովորողների գնահատման, նախագծային ուսուցման և տարբեր առանձնահատկությունների հետ կապված ձևակերպումների խմբագրումներ:
Երկրորդը հիմնված է այս ընթացքում օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների վրա. օրինակ՝ փոխվել է «Հանրակրթության մասին» օրենքը: Այս փոփոխությամբ ամբողջությամբ համահունչ կդարձնենք օրենսդրությունը և դրանով ավելի հստակ դաշտ կստեղծենք դպրոցների համար»,- ներկայացնելով նախագիծը՝ նշել է Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով, Տավուշի դպրոցներում փորձարկման գործընթացի արտաքին անկախ գնահատում է իրականացվել, որի վերաբերյալ վերջնական զեկույցը կհրապարակվի հոկտեմբերին, սակայն նախնական տվյալները բավականին ոգևորիչ են. «Դրանք ցույց են տալիս, որ նոր չափորոշիչն իրապես լավ արդյունք է ունենում և ազդում է սովորողների առաջադիմության բարձրացման ու որակյալ կրթության կազմակերպման վրա, ինչպես նաև ստեղծվում է ուսուցիչների մասնագիտական զարգացման նոր միջավայր»:
Նիկոլ Փաշինյանը ևս փաստել է, որ Տավուշի մարզում չափորոշչի փորձարկման արդյունքները գոհացուցիչ են. «Այդ արդյունքները լավարկելու՝ առաջ ենք գնում, և ես ուրախ եմ, որ ժամանակին բավարար քաղաքական կամք ենք դրսևորել՝ ընդունելու չափորոշիչը և այն կիրառելու՝ ի հեճուկս բոլոր բարդությունների»:
Փաշինյանը հետաքրքրվել է, թե ինչ փուլում է գտնվում դասագրքերի ստեղծման գործընթացը, որին ի պատասխան՝ նախարարը նշել է, որ դասագրքերը նոր չափորոշիչի ներդրման կարևոր բաղադրիչ են:
«Այս ընթացքում ամբողջությամբ փոխվել են դասագրքերի ստեղծման և տպագրության մրցույթները, որը բավականին երկար ու դժվար գործընթաց էր: Այս պահի դրությամբ առաջին ազդակները գոհացուցիչ են. մեր հիմնական նպատակն էր ստեղծել պայմաններ, որ ունենանք մրցակցային բաց դաշտ, որից էլ միայն կարող էինք ակնկալել որակյալ դասագրքեր: Պետք է հաշվի առնել, որ մեր երկրում ավելի քան 10-15 տարի նոր դասագրքերի մրցույթներ չեն արվել, և չկան համապատասխան կարողություններ՝ նոր դասագրքեր գրելու, դրանք պատշաճ կարգով փորձաքննության բոլոր փուլերն անցկացնելու: Ամեն դեպքում՝ բոլոր դժվարությունները հաղթահարել ենք. այս ընթացքում միայն 10-րդ դասարանի դասագրքերի համար բավարար քանակով հայտեր չենք ստացել, և չափորոշչի ներդրումն այս դասարանում հետաձգվում է հաջորդ տարի: 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերի ճնշող մեծամասնությունն ունենք, և դրանք հասանելի են էլեկտրոնային տարբերակով: Այդ դասագրքերի տպագրությունն ընթացքի մեջ է. մի մասը դպրոցներում կլինեն բառացիորեն այս օրերին, մյուսները՝ սեպտեմբեր ամսվա ընթացքում: Իհարկե, կազմակերպչական որոշակի խնդիրներ լուծելու նպատակով այս ընթացքում աշխատել ենք դպրոցների հետ և շարունակելու ենք այդ գործընթացը՝ մինչև դասագրքերն ամբողջ ծավալով հասնեն դպրոց»,- պարզաբանել է նախարարը՝ հավելելով, որ մյուս դասարանների դասագրքերը դեռևս չեն փոխվում, և դրանք առկա են դպրոցներում:
Ն.Փաշինյանը հետաքրքրվել է նաև սեպտեմբերի 1-ից մի խումբ ուսուցիչների աշխատավարձի բարձրացման հարցով, որին ի պատասխան՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ աշխատավարձի բարձրացում կլինի երկու տարբեր ծրագրերով:
«Առաջինը վերաբերում է հանրապետության բոլոր դպրոցների ֆիզիկայի, քիմիայի, աշխարհագրության, կենսաբանության և ինֆորմատիկայի ուսուցիչներին, որոնց աշխատավարձը կբարձրանա 25 տոկոսով: Երկրորդը վերաբերում է գյուղական մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների բոլոր առարկաների ուսուցիչներին: Առաջին խմբի շահառու է հանդիսանում ավելի քան 8000, իսկ երկրորդ խմբի շահառու՝ ավելի քան 4000 ուսուցիչ»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ սեպտեմբերի 1-ից երկու ծրագրով էլ կսկսի հաշվարկվել բարձրացված վարձատրությունը՝ անկախ կամավոր ատեստավորումից:
Հարակից հրապարակումներ`
- Լիլիթ Գալստյան. Սա խայտառակ ձախողում է, իսկ հանրակրթական «բարեփոխումների» մասին որքան են տարփողել
- «ԿԳՄՍՆ, բարի եղեք ձեր պարտավորությունները պատշաճ կատարել ու յուրաքանչյուր աշակերտի ապահովել անհրաժեշտ դասագրքերով»
- Ուստարվա սկզբին նոր չափորոշչով դասագրքերի տպագրման աշխատանքները դեռևս ավարտված չեն լինի
- ԿԳՄՍ փոխախարարը խոսել է նոր դասագրքերի, դրանց ուշացման խնդիրների և այդ ընթացքում դասապրոցեսի կազմակերպման եղանակների մասին
- Սեպտեմբերի 1-ին կերևա՝ ինչ արժեն ԿԳՄՍ նախարարության «հնարավոր բոլոր միջոցները»
- Նոր դասագրքեր՝ 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան