Այս տնտեսական փուչիկը, ուշ թե շուտ, պայթելու է, որից բոլորն են տուժելու.Սուրեն Պարսյան
Համաշխարհային բանկի վերջին զեկույցում մատուցված ցուցանիշներով Հայաստանի տնտեսական ակտիվության ինդեքսը հունիսին մայիսի համեմատ կրճատվել է 50%-ով՝13.6%-ից նվազելով մինչև 6.8%-ի: Կտրուկ անկման տնտեսական հիմքերը վերլուծելու նպատակով Panorama.am-ը դիմեց տնտեսագետ Սուրեն Պարսյանին:
Panorama.am-Ի՞նչ գործոններով էր պայմանավորված այս տարվա մինչև մայիս ամիսը և նախորդ տարի գրանցված տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշը, և ի՞նչ կատարվեց հունիսին:
Ս. Պարսյան-Նախորդ տարի ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված Հայաստան տեղափոխվեց շուրջ 100 հազար ռելոկանտ, որոնք իրենց հետ բերեցին ոչ միայն իրենց խնայողություններն, այլև աշխատանքը և բիզնեսները: Օրինակ՝ նախորդ տարի Հայաստան փոխանցվեց շուրջ 5.3 մլրդ դոլար տրանսֆերտ, որից 3.6 մլրդ-ը տեղափոխել էին Ռուսաստանից Հայաստան, ինչպես նաև մոտ 7000 բիզնես ստեղծեցին ռուսներն Հայաստանում, հիմնականում՝ IT ոլորտում: Նրանք իրենց արտադրանքը սկսեցին արտահանել Հայաստանից՝ նաև դրանով նպաստելով Հայաստանի արտահանման ծավալների աճին:
Ռուսաստանի նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցները լայն հնարավորություններ տվեցին հայկական ընկերություններին վերաարտահանմամբ զբաղվելու համար, և հայկական մի շարք ընկերություններ ակտիվ ներգրավվեցին այդ գործընթացի մեջ՝ սկսելով Հայաստանի տարածքով մեքենաներ, սարքավորումներ, հեռուստացույցեր, ժամացույցեր, հեռախոսներ, տարբեր սարքեր, նաև ոսկի վերարտահանել այլ երկրներ՝ նաև ՌԴ:
Ռուսաստանի համար Հայաստանը հնարավորություն է ոչ միայն այդ ապրանքները իր երկիր բերելու համար, այլ նաև, օրինակ, ոսկին Հայաստանի միջոցով այլ երկրներ՝ մասնավորապես Թուրքիա, Արաբական էմիրություններ և այլ պետություններ արտահանելու համար: Այս ամենի արդյունքում ունեցանք տնտեսական ակտիվության աճ: Նախորդ տարի փակեցինք երկնիշ թվով տնտեսական ակտիվությամբ՝ 12.6%: Այս տարվա առաջին կեսը նույնպես կարող ենք արձանագրել, որ կա երկնիշ տնտեսական աճ: Մասնավորապես հունվար-հուլիս ամիսներին միջին տնտեսական ակտիվությունը կազմում է 10.4 %:
Panorama.am-Վերջին երկու ամսվա ընթացքում տնտեսական ակտիվության 50%-ից ավել անկման վրա ի՞նչ գործոններ ազդեցին:
Ս.Պարսյան-Մտահոգիչը և միևնույն ժամանակ սպասելին այն է, որ տնտեսական ակտիվությունն այս տարվա երկրորդ կեսին սկսում է նվազել: 2023թ, մայիսին 2022թ նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվությունն 13.6% էր, հունիսին՝ 6.8% և հուլիսին՝ արդեն կազմեց 6%: Ակնհայտ է, որ տնտեսական ակտիվությունն նվազման միտում ունի, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով:
Առաջին՝ անցած տարվա բարձր թվերի նկատմամբ է արդեն հաշվարկն իրականացվում, երկրորդ՝ ռուսական ռուբլու արժեզրկման հետևանքով դեպի Հայաստան փոխանցվող գումարների ծավալն ու որակն է նվազում: Ավելի քիչ ծառայություններ և ապրանքներ են կարողանում ձեռք բերել ռուսական ռուբլով: Եթե նախորդ տարի 10000 ռուբլի էին ՌԴ-ից Հայատսան բերում ռելոկանտները, որով 60000 դրամի ապարնք էին կարողանում գնել Հայաստանում, հիմա կարողանում են գնել 40000 դրամի ապրանք, դրանով նվազեցնելով սպառումը:
Վերջին յոթ ամիսների պաշտոնական թվերն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ այս 10.4% տնտեսական աճը հիմնականում ապահովել են շինարարության ոլորտը 17.2%, առևտրինը՝ 23% և ծառայությանը՝ 14.5%: Շինարարության ոլորտում խոսքը վերաբերում է բնակարանաշինությանը, որտեղ վերջին երկու տարվա ընթացքում բում կա և Երևանի քաղաքապետարանն աջ ու ձախ շինթույլտվություններ է տրամադրում, փորձում է այս շուկայում փուչիկ ստեղծել, ներդրումնային գրավչություն ապահովել, բայց մենք նման վիճակ ունեցել ենք 2000-ականներին, երբ 2008-2009թթ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով այս շուկան ուղղակի պայթեց: Հիմա կարելի է ասել, որ այդ փուլի առջև ենք կանգնած և վաղ, թե ուշ այս շինարարության փուչիկն էլ է պայթելու:
Եթե այս միտումները պահպանվի, ապա մենք տարեվերջին կունենանք 6-7% տնտեսական աճ, չի բացառվում նաև ավելի վատ և լավ սցենարները: Ցավոք, ինչպես անցած տարվա դեպում, այնպես էլ այս տարի, տնտեսական աճը շատ անհավասարաչափ է բաշխված բնակչության ու տնտեսության մեջ: Երբ կառավարության ներկայացուցիչների առաջ հարցադրում է դրվում, որ եթե դրսից եկող գումարները և վերաարտահանման հնարավորությունները նվազեն, ինչո՞վ ենք լրացնելու այս տնտեսական աճը, նրանք նշում են՝ արդյունաբերությամբ: Բայց այս տարվա վիճակագրությունը ճիշտ հակառակն է ապացուցում, որ ի հեճուկս կառավարության հռչակած տարբեր պետական աջակցության ծրագրերի՝ մեր արդյունաբերության ոլորտում մտահոգիչ իրավիճակ է: Այս տարվա հուլիսին հունիսի նկտամամբ արդյունաբերությունը 2.4% անկում է գրանցել և մեր անկումն ապահովող հիմնական ճյուղերն են հանքարդյունաբերությունը, ինչը պայմանավորված է Սոթքի ոսկու հանքավայրի շահագործման դադարեցմամբ, որն անվտանգային խնդիրների հետևանք է, և հունիսից արդեն դադարել է գործել: Այս տարի դադարել է Արցախից գալ պղնձի խտանյութը՝ շրջափակման հետևանքով, արդյունքում ունենք անկում 7.7%-ի չափով: Անկում ունենք նաև սննդի արդյունաբերության ոլորտում, որը մշտապես մեր այցեքարտն է հանդիսացել՝ հատկապես մսամթերքի և կաթնամթերքի արտադրության ոլորտում: Այս ոլորտի տնտեսվարողները գերարժևորված դրամի, հումքի նյութերի գների աճի, լոգիստիկ խնդիրների պատճառով կորցնում են իրենց մրցունակությունը և նվազում է նրանց արտադրության ծավալները: Այս ընկերությունները կորցնում են ինչպես ներքին, այնպես էլ արտահանման շուկաները:
Այս տնտեսական փուչիկը, ուշ թե շուտ, պայթելու է, խնդիրն այն է, որ դրա հետևանքով տուժելու են բոլորը, եթե ներկայում այդ օգուտներից օգտվում են շատ քիչ մարդիկ կամ ոլորտներ, ապա այդ պայթյունից բոլորն են տուժում:
Panorama.am-Հիմնականում հանքարդյունաբերության անկումը, որն ըստ ՀԲ-ի, հունիսին մայիսի համեմատ նվազել է 15%-վ, պատճառ դարձավ տնտեսական ակտիվության կիսով չափ կրճատմանը, սա չի՞ խոսում այն մասին, որ Հայաստանի տնտեսությունն դիվերսիֆիկացված չէ:
Ս. Պարսյան-Տարիներ շարունակ մետաղները՝ պղինձը, մոլիբդենը, ոսկին եղել են մեր արտահանման հիմնական ուղղություններից մեկը: Օրինակ 2021-ին այն հասավ արտահանման ծավալների մինչև 40%-ի: Այս տարի այն նվազել է հասնելով 22%՝ հիմնականում պայմանավորված վերաարտահանման ծավալների աճով, այսինքն՝ քանի որ մեծ քանակությամբ ավտոմեքենաներ, սարքավորումներ ենք արտահանում՝ ընդհանուր արտահանման ծավալի մեջ նրանց մասնաբաժինը նվազել է, բայց ավտոմեքենաների, սարքավորումների արատահանումն իրական չէ, դրանից Հայաստանի տնտեսությունն մեծ օգուտներ չունի՝ ի տարբերություն հանքարդյունաբերության արտահանման: Եթե այս միտումները պահպանվեն, ապա մենք ապագայում կարող ենք խնդիրենր ունենալ:
Եթե դրսից եկող փողը և տրանսֆերտները նվազեն և մենք պղնձի խտանյութ, մոլիբդեն քիչ արտահանենք, ապա Հայաստան ավելի քիչ արտարժույթ կգա և դրամը կարող է կտրոկ արժեզրկվել: Կարող ենք կանախատեսել, որ հանքարդյունաբերության և արտահանման ծավալների նվազումը Հայաստանի տնտեսության համար հեռակա խնդիրներ կարող է ստեղծել:
Արտահանման ծավալների վրա բազմաթիվ գործոններ են ազդում՝ ինչպես նշեցի՝ Սոթքի և Արցախից եկող խթանյութի արդյունահանման դեպքերը, այնպես էլ լոգիստիկ հարցերը և մետաղների համաշխարհային գները: Ներկայում պղնձի գինը համաշխարհային շուկայում աճել է, բայց տարվա ընթացքում բավականին տատանումներ եղային:
Զրուցեց Ա. Վարդանյանը
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն 2023 թ. հունիսին հասել է 454 միլիոն ԱՄՆ դոլարի. ՀԲ
- ՀԲ. Հայաստանում չաշխատող վարկերի մասնաբաժինը հունիսին ավելացել է
- ՀԲ. Բնակարանների հետ կապված գործարքների թիվը պակասել է 40 տոկոսով
- Օտարերկրացիները վաճառում են իրենց անշարժ գույքը Հայաստանում. Սուրեն Պարսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին