«ԿԳՄՍՆ, բարի եղեք ձեր պարտավորությունները պատշաճ կատարել ու յուրաքանչյուր աշակերտի ապահովել անհրաժեշտ դասագրքերով»
Նոր չափարոշչի ներդրմամբ պայմանավորված՝ նախանշված դասարաններում կփոխվեն նաև դասագրքերը: Ըստ այդմ նոր ստեղծված դասագրքեր կտրամադրվեն 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններին՝ հաշվի առնելով, որ չափորոշիչը ներդրվում է միայն նշված դասարաններում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը երեկ հայտարարել է, որ դասագրքերի մրցույթը հայտարարվել էր դեռևս անցյալ տարի, ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել է:
«Ուսումնական տարվա սկզբին դասագրքերի տպագրման աշխատանքները դեռևս ավարտված չեն լինի, քանի որ սահմանված ընթացակարգերը նաև որոշակի ժամանակ են պահանջում: Դասագրքերի էլեկտրոնային տարբերակները հասանելի են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի շտեմարանում և ուսուցիչների էլեկտրոնային մատյաններում: Յուրաքանչյուր ուսուցիչ էլեկտրոնային մատյանի համապատասխան էջում կարող է տեսնել էլեկտրոնային դասագրքի հղումը: Դրանք որոշ ժամանակ կփոխարինեն դասագրքերի թղթային տարբերակներին. օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ բոլոր դպրոցների տնօրեններին հանձնարարվել է նոր ստեղծվող դասագրքերի էլեկտրոնային տարբերակներից մի քանի օրվա թեմաների նյութերը տպագրել և տրամադրել աշակերտներին մինչև նոր դասագրքերի տպագրումը: Իհարկե, աշակերտները նույնպես կարող են էլեկտրոնային դասագիրքը ներբեռնել»,- նշել է Արաքսիա Սվաջյանը՝ շեշտելով, որ նախարարությունն ակնկալում է մանկավարժների և ծնողների համագործակցված աշխատանքը անցումային փուլի բարդությունները հաղթահարելու հարցում:
«Սակայն, այս դասարաններում ևս կան դասագրքեր, որոնց համար մրցութային հայտ չի ներկայացվել կամ փորձաքննության արդյունքում չեն երաշխավորվել գործածության: Դրանք հիմնականում օտար լեզուների դասագրքերն են: Ուստի 2-րդ, 5-րդ, և 7-րդ դասարաններում, այն առարկաները, որոնց համար նոր դասագիրք չի ստեղծվել, դասավանդումը կիրականացվի նախկին դասագրքերի և նախապես մշակված ուսումնական նյութերի համադրությամբ, որոնք արդեն հասանելի են ուսուցիչներին: Իսկ այն դասարաններում, որտեղ նոր չափորոշիչ չի ներդրվում, շարունակում են դասավանդել հին դասագրքերով»,- ասել է փոխնախարարը:
2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում սովորող երեխաներին ծնողներին վրդովեցրել է նախարարության առաջարկությունը՝ օգտվել էլետրոնային տարբերակից, տպել ...պահանջում են պատշաճ կատարել իրենց պարտավորությունները։
7-րդ դասարանի աշակերտի ծնող Գոհար Մարտիրոսյանը գրել է.
««Ուսումնական նոր տարին 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանցիների ծնողների համար սկսվեց տհաճ անակնկալով։
Նշված դասարանների համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նոր չափորոշիչներ է ներդնում 2023-2024 ուսումնական տարում։ Դա նշանակում է, որ փոխվում են բոլոր՝ մոտ 16 առարկաների դասագրքերը։ Բայց սեպտեմբերի 1-ին ընդառաջ բոլոր այդ դասագրքերն առկա են ՄԻԱՅՆ էլեկտրոնային տարբերակով։ Տպված որևէ դասագիրք ՉԿԱ։ Դրանք լավագույն դեպքում պատրաստ կլինեն հոկտեմբերին, այն էլ՝ ոչ ամբողջ քանակով։
Արդյունքում նախարարության վրիպումի ողջ ծանրությունն ընկնում է ծնողների ուսերին։ Նրանք պարտավորված կլինեն էլեկտրոնային տարբերակից տպել երեխաների համար անհրաժեշտ նյութերը բոլոր առարկաներից՝ մինչև որ տպագրվեն դասագքերը։ Հստակ չէ ինչպես դասագրքերի պատրաստ լինելու ժամկետը, այնպես էլ քանակը․ հնարավոր է, որ դասարանի միայն մի մասը գրքեր ստանա։
Հարկ է ավելացնել, որ ամբողջապես էլեկտրոնային տարբերակով ուսուցում իրականացնելու համար էլ դպրոցները պարզապես չունեն անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությունը։
Ես՝ որպես 7-րդ դասարանցու ծնող պահանջում եմ նախարարությունից սեփական վրիպումը ֆինանսական բեռի տեսքով չթողնել ծնողների ուսերին և ինքնուրույն գտնել միջանկյալ լուծում, մինչ կտպվի դասագրքերի անհրաժեշտ քանակը»։
Շատ ծնողներ են միացել Գոհար Մարտիրոսյանին խոսքին։
«Միանում եմ պահանջին` որպես 7-րդ դասարանցու ծնող և ոչ միայն։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, բարի եղեք ձեր պարտավորությունները պատշաճ կատարել ու յուրաքանչյուր աշակերտի ապահովել անհրաժեշտ դասագրքերով։ Հակառակ պարագայում, ընդունելով ձեր իսկ անգործությունը կամ թերացումը, այս տարի ևս դասապրոցեսը կազմակերպեք նախորդ տարվա դասագրքերով»,- գրել է Սոնա Դանիելյանը։
«Թող իրենք տպեն օնլայն տարբերակներն ու ձրի բաժանեն։Ինչո՞ւ պիտի ծնողները դա անեն»։
«Նշանակում է եվս մեկ քայլ երեխային կապել Gajet—ներին՝ աչքերի տեսողության խնդիրների, կտրել աշակերտին կարդալուց…ու շատ այլ բազմաթիվ գլոբալ վնասների առաջացում…
Իրոք, սա մեծ թերացում է…»։
Հարակից հրապարակումներ`
- Ուստարվա սկզբին նոր չափորոշչով դասագրքերի տպագրման աշխատանքները դեռևս ավարտված չեն լինի
- ԿԳՄՍ փոխախարարը խոսել է նոր դասագրքերի, դրանց ուշացման խնդիրների և այդ ընթացքում դասապրոցեսի կազմակերպման եղանակների մասին
- Սեպտեմբերի 1-ին կերևա՝ ինչ արժեն ԿԳՄՍ նախարարության «հնարավոր բոլոր միջոցները»
- Նոր դասագրքեր՝ 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին