«Ժողովուրդ». ԿԳՄՍ նախարարությունը չի կարողացել տպագրել դպրոցական նոր դասագրքերը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ մի խայտառակ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Պարզվում է՝ հայրենի նախարարությունը չի կարողացել տպագրել դպրոցական նոր դասագրքերը, ու ԿԳՄՍՆ-ից դպրոցների տնօրեններին հանձնարարել են դրանց էլեկտրոնային տարբերակներից թեմաները տպել և տալ աշակերտներին:
«Դասագրքերի մրցույթը հայտարարվել էր դեռևս անցյալ տարի, ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել է: Մրցույթն ամփոփվել է հունիսի մեկին, և ներկայացված հայտերն ուղարկվել են փորձաքննության: Դրական եզրակացություն ստացած դասագրքերը երաշխավորվել են գործածության, ցանկը հաստատվել է նախարարի հրամանով: Դրական եզրակացություն ստացած և նախարարի հրամանով հաստատված նոր դասագրքերն այժմ տպագրության փուլում են»,- հայտարարել է փոխնախարարը:
Իսկ շատ դպրոցականներ սեպտեմբերը կսկսեն առանց գրքերի, քանի որ հին չափորոշիչները փոխված են, նորերն էլ՝ դեռ չմշակված:
Ստացվում է՝ նախարարությունը անգամ չի կարողանում մրցույթ հայտարարել, պատշաճ պատրաստվել Գիտելիքի օրվան, ու պետք է դպրոցները սպասեն, մինչև այդ հարցը կլուծվի: «Նոր դասագրքերը կմատակարարվեն միայն 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում՝ պայմանավորված նոր չափորոշչի ներդրմամբ: Սակայն այս դասարաններում ևս կան դասագրքեր, որոնց համար մրցութային հայտ չի ներկայացվել, կամ փորձաքննության արդյունքում չեն երաշխավորվել գործածության: Դրանք հիմնականում օտար լեզուների դասագրքերն են:
Ուստի 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում այն առարկաները, որոնց համար նոր դասագիրք չի ստեղծվել, դասավանդումը կիրականացվի նախկին դասագրքերի և նախապես մշակված ուսումնական նյութերի համադրությամբ, որոնք արդեն հասանելի են ուսուցիչներին: Իսկ այն դասարաններում, որտեղ նոր չափորոշիչ չի ներդրվում, շարունակում են դասավանդել հին դասագրքերով»,- ասել է Սվաջյանը։
Այսինքն՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որը հասցնում է լինել գրեթե բոլոր քարոզչական և քաղաքական միջոցառումներին, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է, չի հասցնում իր ոլորտում առկա խնդիրները լուծել ու այն առաջնային համարել: Կրթական տարին սկսվում է առանց գրքերի, իսկ նախարարը հետաքրքրված է լողի սիրողական մրցաշարով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
- Ուստարվա սկզբին նոր չափորոշչով դասագրքերի տպագրման աշխատանքները դեռևս ավարտված չեն լինի
- ԿԳՄՍ փոխախարարը խոսել է նոր դասագրքերի, դրանց ուշացման խնդիրների և այդ ընթացքում դասապրոցեսի կազմակերպման եղանակների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան