«Հավեսին սենյակների» ցանցը համալրվել է
«Հավեսին սենյակների» ցանցը համալրվել է. 6-րդ «Հավեսին սենյակը» բացվել է Վանաձորի N 9 դպրոցում։
«Նախապատմություն
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի «Հավեսին սենյակների ցանց» ծրագրով տարիների ընթացքում 5 հարթակ է բացվել Տավուշի մարզի Վազաշեն, Վայոց Ձորի մարզի Խաչիկ, Արարատի մարզի Զորակ, Գեղարքունիքի մարզի Լուսակունք, Արմավիրի թիվ 10 ներառական դպրոցում:
Ծրագրի նպատակն է
• կրթամշակութային համակողմանի հնարավորություններ առաջարկել մարզային դպրոցների աշակերտներին,
• «մշակութային ներխուժումներ» կատարել համայնքային դպրոցներ` օգտագործելով ճանաչված արվեստագետների, գրողների, հայտնի հասարակական դեմքերի կամավոր ներուժը,
• կապ ստեղծել Երևանի դպրոցների աշակերտների/արվեստի բուհերի ուսանողների և Հավեսին սենյակների սաների միջև, կազմակերպել փոխայցեր, առցանց և առկա համատեղ դասեր, ցուցահանդեսներ, պլեներներ,
• խորությամբ յուրացնել սեփական ժողովրդի մշակույթը, սովորել ու հարգել այլ մշակույթներ,
• խթանել մարզերի աշակերտների աշխարհճանաչողությունը,
• ցանցային կապ ստեղծել Հայաստանի տարբեր համայնքներում գործող Հավեսին սենյակների միջև,
• գիտելիք, ճաշակ, հարգանք, հանդուրժողականություն և ստեղծարար վերաբերմունք ձևավորել,
• նպաստել ազատ, քննական միտք ունեցող, սեփական մշակութային արժեքները ճանաչող ու պահպանող, այլոց մշակույթի նկատմամբ հարգանք տածող սերնդի դաստիարակությանը:
Սահմանամերձ գյուղերի Հավեսին սենյակների՝ թագավարակի և պատերազմի պատճառով հապաղած աշխատանքն այժմ վերագործարկման փուլում է։
Պատմություն
«Հավեսին սենյակների» մասին լսած լինելով՝ Լոս Անջելեսի Modest Fly Art ստուդիոյի հիմնադիր Eerren Tsaturyan-ը, Հայաստան այցելելով, 2019- ին վարպետաց դաս անցկացրեց Զորակ համայնքի Հավեսին սենյակի սաների հետ։
Modest Fly Art-ի և «Հայ Ձմեռ պապի» համագործակցությունը վերածվեց արդյունավետ գործընկերության և ջերմ բարեկամության։ Իռեն Ծատուրյանի պրպտուն միտքը, անսպառ երևակայությունն ու Հայրենիքի մշակութային կյանքին մասնակից դառնալու ցանկությունը նոր ծրագրերի, աշխատանքային պլանների, փոխադարձ այցերի մասին լայն քննարկումների առիթ դարձավ։
Տիկ․ Իռենը ծագումով Վանաձորից է, ուստի մեծ ցանկություն ուներ հատկապես իր ծննդավայրի՛ դպրոցներից մեկում Հավեսին սենյակ բացել և աշխատել տեղի աշակերտների հետ։ N 9 դպրոցի պատմությունն ուսումնասիրելով, որտեղ սովորել են Իռենի ծնողները, հասկացանք, որ սուղ հնարավորություններ, բայց մանկավարժական և աշակերտական առողջ համայնք ունեցող այս կրթօջախում սենյակ բացելով՝ կկարողանանք վանաձորցի շնորհաշատ երեխաներին կրթամշակութային աճի լավ հնարավորություն առաջարկել։
Որոշումը կայացված էր։
Ընթացքը
«Հայ Ձմեռ պապը» ծրագրային մանրամասն առաջարկով դիմեց «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնին» և արժանացավ ԿԶՆԱԿ-ի ու ԿԳՄՍ-ի մասնագիտական հավանությանը։
Դժվար գործն արված էր, մնում էր իրականացնել հաճելին․ դպրոցը արևոտ ու հարմարավետ, թարմ նորոգված մի սենյակ տրամադրեց, ԱՄՆ-ից ժամանեց Իռենն իր ընտանիքով, և վրա հասավ վաղուց սպասված պահը՝ Ծատուրյան ընտանիքի օժանդակությամբ սենյակը սկսեցինք կահավորել․ նկարակալներ, աթոռներ, հեռուստացույց․․․ Միայն հրաշքով հաջողվեց Երևանում Իռենին համոզել, որ նկարչական պարագաների մասնագիտացված խանութի ամբո՛ղջ տեսականին չգնի՝ նա երեխաների համար ընտրում էր հարուստ առաջարկի մեջ եղած լավագույնը․ կանխավայելում էր Հավեսին սենյակի ապագա սաների ուրախությունը։
Հավեսին սենյակի բացումը
31.07.2023 թ․
Փոքրիկ դպրոցը շողշողում էր, սենյակն արև էր հագել, զարդարվել՝ հյուրերին ընդունելու։ Նկարակալները դասավորվել-սպասում էին առաջին հավեսին դասին։
Ավանդույթն ու նորարարությունն այս դպրոցում համերաշխորեն գոյակցում են, օգնում իրար՝ մեր դժվարին օրերում կրթությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու և առաջ տանելու։ Որքան որ մեծ պատիվ է նկարվել հայոց կրթարար Խաչատուր Աբովյանի նկարի ներքո, նույնքան մեծ բավականություն է ծանոթանալ Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի ներառական կրթության հմուտ մասնագետ Հայարփի Էդիլյանի պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքներին։ Դպրոցը պատվում է հանուն Հայրենիքի անմահացած իր շրջանավարտներին, ուսուցիչներն ու աշակերտները փառաբանելով են հիշում նրանց թանկ անունները։
․․․ Բացման արարողության խոսքում տնօրեն Անահիտ Վարդանյանը ներկայացնում է դպրոցն իր հաջողություններով ու խնդիրներով։ Աշակերտների մասին խոսելիս ասում է՝ երեխաներս։ Նրա շուրթերից թռած այդ դիմորոշ հոդը ոչ թե սոսկ առտնին վերաբերմունքի, այլ տնօրենի ջերմ սրտից յուրաքանչյուր աշակերտին շնորհվող գորովանքի ու սիրո ակամա ցուցիչ է։
Հուզմունքը մեծ է․ Իռենը խոսում է, որ երազել է՝ այս սենյակը երեխաների համար արվեստին հաղորդակցվելու տարածք դառնա, և իր ցանկությունն այժմ իրականանում է։ Դառնանք ու ողորմի՛ տանք Եղիսաբեթ և Սարգիս Ծատուրյաններին՝ նման թոռնիկ դաստիարակելու համար։ Հավեսին սենյակը կրելու է նրանց պատվանունը։
Սենյակի պատերը զարդարված են Modest Fly Art ստուդիոյի սաների գունագեղ աշխատանքներով։ Նոր երազանք է ծնվում՝ մեկ տարուց Վանաձորի Հավեսին սենյակի սաների գործերը ցուցադրել Լոս Անջելեսում։
Մեկնարկը տրված է։ Հիանալի կահավորված սենյակի կարմիր ժապավենը կտրված է, երեխաների մաքուր շունչն արդեն սենյակում է։ 8-րդ դասարանի աշակերտուհի Մանե Խաչատրյանն ասում է․ «Մեծ ուրախություն զգացի, երբ իմացա՝ մեր դպրոցում սենյակը բացվել է, ու ես ունեմ շանս ավելի մոտիկ լինել էդ խմբակին, հաճախեմ դասերին։ Շնորհակալություն եմ հայտնում հովանավորներին։ Ես կուզեի, որ այս սենյակի նկարներն ավելի շատանան, ու էստեղ ավելի շատ երեխեք գան ու զարգացնեն մեր աշխարհն իրենց արվեստով, տաղանդներով»,- նշված է Վանաձորի «Հավեսին սենյակի» ֆեյսբուքյան էջում։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանամերձ Վազաշենում բացվել է Սևան Նաղաշի «Հավեսին սենյակը»
- Սահմանամերձ Վազաշեն գյուղի դպրոցում բացվելու է «Հավեսին սենյակ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան