Ինչու են հանդիպել ԱԺԲ ու ՀՅԴ ներկայացուցիչները
Օգոստոսի 28-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ և ԱԺԲ ներկայացուցիչների միջև։
«Հաշվի առնելով, որ սեպտեմբերի 2-ի համար Ազատության հրապարակն արդեն իսկ ամրագրված է եղել Բևեռի ամենօրյա միջոցառումների համար, քննարկվել է նույն օրը նույն վայրում ՀՅԴ կողմից հանրահավաք անցկացնելու հարցը»,-հայտնում են ԱԺԲ-ից։
Ըստ հաղորդագրության, Ազգային-ժողովրդավարական Բևեռը, առաջնորդվելով ժողովրդավարության սկզբունքներով և ընդառաջելով ՀՅԴ խնդրանքին, որոշել է Ազատության հրապարակի սեպտեմբերի 2-ի երեկոն զիջել ՀՅԴ միջոցառմանը։
«Այսուհանդերձ, Ազգային ժողովրդավարական Բևեռն ընդգծում է, որ չի կիսում, այսպես կոչված, «Անկախ Արցախի» հայեցակարգը։ Միևնույն ժամանակ, տեղեկացնում ենք, որ Բևեռը պահպանելու է օրեր ի վեր սկսած իր շուրջօրյա ներկայությունը Ազատության հրապարակում նաև սեպտեմբերի 2-ին։
Ուստի, կոչ ենք անում մեր համախոհներին, ինչպես նաև Ազատության հրապարակում այդ օրը բոլոր գտնվողներին, դրսևորել զսպվածություն և հայեցակարգային տարբերությունները, և այլ հարցեր, չդարձնել քննարկման կամ բանավեճի առարկա»,-նշում է աղբյուրը։