Բրյուսելում ԼՂ բեռների տեղափոխման այլընտրանքային ճանապարհների վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել,Անի Բադալյան
ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը պատասխանել է լրատվամիջոցների հարցերին:
Հարց. Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հերթական անգամ պնդում է, որ հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել այլ ճանապարհներով Լեռնային Ղարաբաղ բեռների տեղափոխումն ապահովելու շուրջ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս պնդումները։
Պատասխան. Ցանկանում ենք ընդգծել, որ հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ԼՂ բեռների տեղափոխման այլընտրանքային ճանապարհների վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Ավելին, Հայաստանի Հանրապետությունն իրավասություն չունի և չի կարող քննարկել Լեռնային Ղարաբաղ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր։
Հայաստանի Հանրապետությունը բազմիցս վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման հրամայականի վերաբերյալ՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի իրավաբական պարտադիր ուժ ունեցող որոշումների։
Հատկանշական է նաև, որ հուլիսի 15-ի հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահի կողմից, ինչպես նաև սեպտեմբերի 1-ին խորհրդի նախագահի խոսնակի կողմից արված հայտարարություններում ևս չի մատնանշվում այդպիսի «պայմանավորվածություն». ադրբեջանական կողմը, ձևավորած գործելաոճին համապատասխան, փորձում է շահարկել թեմային զանազան անդրադարձերը և դրանք ներկայացնել որպես պայմանավորվածություն։ Միջազգային գործընկերներն իրենց հայտարարություններում շարունակաբար և աներկբայորեն շեշտադրում են Լաչինի միջանցքի արգելափակման վերացման կարևորությունը, և այն, որ այլ ճանապարհների վկայակոչումը չի կարող դիտվել որպես այլընտրանք Լաչինի միջանցքի արգելափակման վերացման Ադրբեջանի պարտավորությանը։
Եվս մեկ անգամ հաստատակամորեն ընդգծում ենք, որ ՀՀ համար օրակարգում է միայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անխափան կապն ապահովող ուղու՝ Լաչինի միջանցքի շրջափակման վերացման խնդիրը, և ՀՀ-ն չի պատրաստվում ներգրավվել որևէ այլ ճանապարհների շուրջ քննարկումներում:
Հարակից հրապարակումներ`
- Մենք կոչ ենք անում ադրբեջանական իշխանություններին ապահովել անվտանգ և ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով. Ժոզեպ Բորել
- Ակնայի ճանապարհի բացումը գոյաբանական սպառնալիք արցախահայության համար. Արման Թաթոյան
- Ակնայի ճանապարհի բացումը գոյաբանական սպառնալիք է Արցախի հայերի համար և չի կարող այլընտրանք լինել Բերձորի միջանցքին. «Թաթոյան» հիմնադրամ
- Ակնայի ճանապարհի գործարկումն անընդունելի է, մենք ունենք մեկ ճանապարհ՝ Լաչինի միջանցք. Դավիթ Իշխանյան
- Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցին խաղաղապահների մեքենայից նկարահանել է Ակնայի ճանապարհը փակած արցախցիներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին