Արման Ղուլյանի մարմինը գտել են զոհվելուց 5 ամիս անց
2020 թվականի օգոստոսի 11-ին, երբ Արման Ղուլյանը զորակոչվեց բանակ, մայրը՝ Հերմինե Աբելյանը, անընդհատ վատ կանխազգացումներ էր ունենում։ 44-օրյա պատերազմում զոհված Արման Ղուլյանի մայրիկի հիշողություններն է ներկայացնում «Հետք»-ը:
Որդու մասին ամեն անգամ խոսելիս արտասվում էր։ 2020-ի հուլիսին Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական հարձակումից երկար ժամանակ չէր անցել։ Հերմինեն մտավախություն է ունեցել, որ պատերազմ է սկսվելու։ Ամեն օր լրահոսն էր ստուգում՝ սրտի խորքում զգալով, որ նորից սահմանից պատերազմի լուր է լսելու։
Արման Ղուլյանը ծնվել է 2002 թվականի հունվարի 2-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում։ Նա բանակ էր զորակոչվել 2020-ի օգոստոսի 11-ին։ Ծառայում էր Արցախում՝ Ասկերանի զորամասում։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Հերմինեն որոշել էր թխվածք պատրաստել։ Արմանը քաղցրավենիք շատ էր սիրում։ Մայրը որդու բանակ զորակոչվելուց հետո սովորաբար խմորեղեն չէր թխում։
Այդ օրը կեսօրվա 12-անց էր, երբ ամուսինը՝ Հովհաննեսը, աշխատավայրից զանգել ու հարցրել էր, թե Հերմինեն ինչպե՞ս է։ Պատասխանել է, որ լավ է, թխվածք է պատրաստում։ Հովհաննեսը հասկացել է, որ կինը դեռ լուրերը չի կարդացել։
«Ինձ ասաց՝ հա՛, փաստորեն դեռ էսօր հեռուստացույց չե՞ս միացրել։ Ու միանգամից ոտքերս թուլացան, չկարողացա ինձ զսպել։ Գործս կիսատ թողեցի։ Ներսի վախս ու վատ կանխազգացումներս ավելի սրվեցին»,- վերհիշում է Հերմինեն։
Արմանն ամեն օր առավոտյան 9-ին զանգահարում էր մորը, այդ օրը չէր զանգել։ Մինչ պատերազմի լուրը ստանալը Հերմինեն ուղղակի մտածում էր, թե որդուն հարմար չի եղել կապ հաստատել։
Հովհաննեսը զանգել էր, որդու հեռախոսին զինակից ընկերն է պատասխանել։ Դա ավելի էր խուճապի մեջ գցել ծնողներին։ Ի վերջո, երեկոյան Արմանը զանգել ու ասել էր, որ ամեն ինչ լավ է, իրեն ոչ մի տեղ չեն տանի, քանի որ նոր է զորակոչվել ու նոր զորակոչվածներին առաջնագիծ չեն տանում, բայց ծնողներն արդեն զինակից ընկերոջից իմացել էին, որ Արմանենց տեղափոխել են դիրքեր՝ Աղդամ։
«Ամեն օր մեզ հետ խոսելիս ասում էր՝ լավ ենք, ամեն ինչ լավ ա, մի՛ մտածեք։ Ասում էի Արմա՞ն, պատերազմ է, ո՞նց ես լավ, ասում էր՝ վայ, մամ ջան, պատերազմը մեզնից հեռու ա, մենք թեժ տեղում չենք, մեր տեղը նորմալ ա։ Մեզ չէր թողնում զանգենք, ասում էր, որ հարմար լինի, ինքը կզանգի»,- պատմում է մայրը։
Որդու կորստից անցել է գրեթե 3 տարի։ Տան բոլոր անկյուններում Արմանի նկարներն են։ Հերմիննեն որդու նկարով կախազարդ է կրում, այն երբեք պարանոցից չի հանել։
Արմանի ծառայակից ընկերների հետ անձամբ չի խոսել, Հովհաննեսը՝ ամուսինն է նրանց հետ կապի մեջ եղել։ Հերմինեն ասում է, ուզում է որոշ ժամանակ անցնի, որդու զոհվելու մասին տարբեր վարկածներ են շրջանառվում։ Իր հետ դիրքում եղած տղաները շատ բան չեն պատմում։
Հոկտեմբերի 26-ին Արմանի դասակը տեղափոխել են Սղնախ գյուղի դիրքեր։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 27-ին, Ադրբեջանի զինված ուժերը գրավել են Ավետարանոց, Ակնաղբյուր, Մադաթաշեն և Ջրաղացներ գյուղերը։ Ադրբեջանցիները առաջ էին շարժվում Սղնախի ուղղությամբ։ Սղնախցի տղամարդիկ ինքնապաշտպանական ջոկատներ էին կազմել ու գյուղի սարերում դիրքավորվել։
Հերմինեն պատմում է, որ Արմանի դիրքում բացի իրենից եղել են ևս 6 հոգի՝ Արմանի դասակից Միշա Մայիլյանը, Սլավիկ Նահապետյանը, Ավագ Բազգուշը, Կարեն Շահբազյանը, Արթուր Հովհաննիսյանը, ինչպես նաև Սղնախ գյուղի բնակիչ Սպարտակ Հակոբջանյանը։ Բացի Արմանից և Սպարտակից բոլորը ողջ են մնացել։ Սպարտակ Հակոբջանյանի մասին «Հետքը» 2021-ին գրել էր։
Արմենի ծառայակից ընկերները որոշ մանրամասներ են պատմել Հովհաննեսին՝ Արմանի հորը։
Ասել են, որ Արմանը ակտիվ մասնակցել է մարտական գործողություններին, չնայած որ նոր էր զորակոչվել։ Հոկտեմբերի 28-ին թեժ մարտեր են եղել։ Արմանի զոհվելու մասին տարբեր վարկածներ են ասել, որոնցից ոչ մեկը հաստատված չէ։ Սպարտակ Հակոբջանյանի մարմինը գտել են նոյեմբերի 15-ին, որոնողական աշխատանքների ժամանակ։ Արման Ղուլյանի մասունքները գտել են 2021 թվականի մարտի 5-ին։
Հերմինեն ասում է, թեև շատ էին տանջվում Արմանին փնտրելիս, բայց երբ հերթական անգամ որոնողական աշխատանքների գնալիս Արմանին չէին գտնում, հույսով էին լցվում, որ գուցե գերեվարված լինի»։
Հարակից հրապարակումներ`
- Հետ գնալու սովորություն չուներ, մենակ առաջ.Գյուղապետը այսօր զոհված Անդրանիկ Անտոնյանի մսինա
- ՊՆ-ն հրապարակեց սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները
- Նահատակված ծնողի վրա ձայն բարձրացնողը, հրմշտողն ու թաթ գցողը վտանգավոր թափոն է․ Տիգրան Աբրահամյան