Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Սենատին կոչ է անում արգելափակել նախագահ Բայդենի կողմից նոր նշանակումները պետքարտուղարությունում
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նամակով դիմել է ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին՝ խնդրելով արգելափակել ԱՄՆ պետքարտուղարությունում նախագահական այն նշանակումները, որոնք կարիք ունեն Սենատի վավերացման։
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են՝ կոչն ուղղվել է ելնելով այն հանգամանքից, որ նախագահ Բայդենը վճռական քայլեր չի ձեռնարկում Արցախի 120․000 բնակչության նկատմամբ ադրբեջանական շրջափակումը վերացնելու ուղղությամբ։
Սույն նախաձեռնության համար համայնքային օժանդակություն ապահովելու նպատակով՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն սկսել է համագաղութային արշավ, որը հանձնախմբի հատուկ էլեկտրոնային հարթակների միջոցով թույլ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին հատուկ դիմումներ ուղարկել իրենց նահանգներից ընտրված սենատորներին։
Հայ դատի հանձնախումբը խնդրում է Սենատում արգելափակել ԱՄՆ դիվանագիտական նշանակումները, քանի դեռ ԱՄՆ վարչակազմը չի ձեռնարկել կոնկրետ գործողություններ, մասնավորապես՝
· Առաջնորդել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձև, որը կնախատեսի Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման դատապարտում, Ալիևի ռեժիմի նկատմամբ պատժամիջոցների կիրառում, Լաչինի միջանցքը բացելուն և Արցախ մատակարարումներ իրականացնելուն ուղղված մեխանիզմների ներդրում։
· Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան նոր կամ ընթացիկ ռազմական և անվտանգային նշանակության օժանդակության դադարեցում և «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի ամբողջական կիրարկում։
· Ամերիկյան հրատապ մարդասիրական օգնության տրամադրում Արցախում ադրբեջանական ագրեսիայից տուժած ժողովրդին, նաև օդային միջանցքի միջոցով։
· Արցախի ցեղասպան շրջափակման համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ ամերիկյան օրենսդրությամբ սահմանված կարգով՝ պատժամիջոցներ կիրառում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան