Ազնավուրի հուշարձանի նախագծերից որևէ մեկը չի ընտրվել ժյուրիի կողմից
2024 թվականին մեծանուն շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում Շառլ Ազնավուրի հուշարձանի տեղադրման համար հայտարարվել էր նախագծի բաց մրցույթ։ Ստացվել էին 37 հայտ-էսքիզները, որոնք ներկայացվել էին հատուկ ձևավորված հանձնաժողովի քննարկմանը։
Panorama.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն ասաց, որ ամփոփվել է Շառլ Ազնավուրի հուշարձանի տեղադրման համար հայտարարված մրցույթը, ներկայացված 37 հայտ-էսքիզից որևէ մեկը չի ընտրվել։
«Ժյուրին որևէ տարբերակ չի ընտրել։ Հայտարարվելու է նոր բաց մրցույթ»,- հայտնեց նա։
Հ. Կոստանյանն ասաց, որ կարող են առաջին մրցույթին մասնակցած արվեստագետներն այլ տարբերակով մասնակցել նաև նոր հայտարարվելիք մրցույթին։
Հանձնաժողովի 12 հոգանոց կազմում ընդգրկված են եղել Երևանի քաղաքապետարանի պատասխանատուներ, Ազնավուրի ընտանիքի անդամներ, ոլորտի մասնագետներ։ Գործընթացի մասնակցայնությունն ապահովելու և տեղադրվելիք արձանի ընտրության հարցում քաղաքացիների կարծիքները հաշվի առնելու նպատակով` «Ակտիվ քաղաքացի» հարթակում մինչև օգոստոսի 31-ը` ժամը 14:00-ն, քաղաքացիները կարող էին քվեարկել ներկայացված նախընտրելի նախագծի օգտին: Ինչպես հաղորդվել էր, ստացված ձայները ներառվելու և արտացոլվելու էին հանձնաժողովի քվեարկության արդյունքներում:
Հիշեցնենք, որ հուշարձանի նախագծերի վերաբերյալ արձագանքների գերակշիռ մասը բացասական էին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան