Արցախում առաջինցիները խիստ անսովոր պայմաններում են սկսում իրենց ճամփորդությունը դեպի գիտելիքի աշխարհ. նախարար
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել պտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ։
Ուղերձում, մասնավորապես, ասված է․
«Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ
Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ:
Այս ուսումնական տարին մեկնարկում ենք չափազանց դժվար` Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման իրավիճակում, ինչի արդյունքում հազարավոր երեխաներ, պատանիներ, երիտասարդներ այսօր զրկված են կրթության իրավունքն իրացնելու տարրական պայմաններից։ Կրթության ոլորտի առջև ծառացած մարտահրավերները , սակայն, չպետք է ստիպեն մեզ նահանջել ու հուսահատվել։ Ընդհակառակը, առավել մեծ նախանձախնդրությամբ ու հաստատակամությամբ պետք է տրվել գիտելիքի ու հմտությունների յուրացմանը, քանզի ժամանակակից աշխարհում արժանապատիվ ապրում են այն ազգերն ու պետությունները, որոնք գնահատում են որակյալ կրթությունն ու գիտելիքը։
Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ առաջինցիներին։ Նրանք խիստ անսովոր պայմաններում են սկսում իրենց ճամփորդությունը դեպի գիտելիքի անհուն ու զարմանահրաշ աշխարհ։ Թող ընթացքը լինի անխոչընդոտ։
Մեր բազմադարյա պատմությունը հարուստ է դրվագներով, երբ ամենաօրհասական ու ծանր պահերին անգամ սերունդ կրթելու ու դաստիարակելու սուրբ գործն իրականացվել է ամենայն պատասխանատվությամբ։
Սիրելի' մանկավարժներ, այսօր էլ մեր ազգի ու հայրենիքի ապագան ձեր ձեռքերում է։ Դուք եք աճեցնում այն սերունդը, որը լինելու է բանիմաց, պրպտող, դժվարություններից չերկնչող, երազող ու պայքարող և որը ամուր է կանգնելու իր հայրենի հողի վրա, ինչպես նախորդ սերունդները։
Մենք հավատում ենք գիտության ուժին, գիտելիքի լույսին , դրանք սերմանողներին ու տարածողներին։ Թող այս ուսումնական տարին, ի հեճուկս բոլոր դժվարություններին, առավել մեծ ձեռքբերումներ ու արդյունքներ գրանցի։
Շնորհավոր Գիտելիքի օր»:
Հարակից հրապարակումներ`
- Ներկա պայքարի ամեն պահը բաց դաս է բոլորիս համար, կյանքի դաս, գաղափարի դաս․ ԱՀ ԱԺ նախագահ
- Առաջնային է լուսամիտ սերունդ կերտելու առաքելությունը, քանզի բոլոր չարիքները մարդու միտքն են մտնում տգիտությունից․ Գարեգին Բ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան