Այս անհայրենիք, թշվառ իշխանություններն իրենց իշխանությունը պահում են մեր տղաների մահերի գնով. Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր այցելել է Երևանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն: Լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանն ասաց, որ ինչ-որ ժամանակով ընդդիմության փողոցային պայքարը դադար էր առել, բայց ընդդիմությունը ոչ մի րոպե, ժամ հետքայլ չի արել և պայքարում է Արցախի ու Հայաստանի համար:
«Ցավով եմ ասում նաև Հայաստանի, քանի որ այսօր տեսնում ենք, թե յուրաքանչյուր օր ինչեր են կատարվում Հայաստանի սահմաններին»,- ասաց Ա. Վանեցյանը։
Նա նշեց, որ Արցախում այսօր շատ բարդ է, բայց փառք ու պատիվ մեր քույրերին ու եղբայրներին, որոնք կարողանում են դիմակայել այս դժվարություններին և ցույց տալ, որ կարողանում են պայքարել իրենց հայրենիքի համար և դրանով նաև մեզ «ստիպեն», որ պայքարենք իրենց իրավունքների համար:
«Քննադատություններ շատ կարող են հնչել, կարող ենք ասել, որ ընդմիջումներով պայքարել չի կարելի, բայց հասկանում եք, որ այս անհայրենիք, թշվառ, ազգադավ իշխանությունները պայքարում են բացառապես իրենց իշխանությունը պահելու համար։ Սրանք իշխանությունը պահում են մեր տղաների, հայրենակիցների մահերի գնով։
Յուրաքանչյուր օր լսում ենք նոր գույժի մասին, որ զոհվեցին, գերեվարվեցին մեր տղաները, սովամահ են լինում մեր քույրերը, եղբայրները, երեխաները Արցախում, բայց այս իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի մնան իշխանության: Պետք է չհուսահատվենք, պայքարենք և պայքարելու ենք», - ասաց Ա. Վանեցյանը։
Նա նշեց, որ պետք չէ հասարակության մեջ սպասումներ առաջացնել, որ գալու են այսօր հանրահավաքի և մեկ օրում ավարտվելու է այս պայքարը։
«Նորից եմ կրկնում՝ այս իշխանություններն ամեն ինչ անում են պահելու իրենց իշխանությունը։ Մենք պետք է պայքարենք, հետևողական լինենք և, վստահ եմ, կունենանք արդյունքներ»,- ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։