Կարևոր է՝ Արցախի նոր իշխանությունները հստակ գնահատականներ հնչեցնեն ՀՀ իշխանությունների վերաբերյալ. Արթուր Վանեցյան
«Այն գործընթացները, որոնք տեղի են Արցախում, կարծում եմ, նոր լիցք կարող են հաղորդել արցախյան հարցի կարգավորմանը»,- լրագրողներին ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ով Արցախի Հանրապետության օրվա առիթով այցելեց Երևանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն:
Նա նշեց, որ անձամբ ճանաչում է նորանշանակ պետնախարար Սամվել Շահրամանյանին, նրա մասին ունի շատ լավ կարծիք՝ շատ հայրենասեր, կարգապահ, խիզախ և պատասխանատվությունից չխուսափող անձնավորություն է:
«Հուսով եմ՝ նրան հաջողելու է այս բարդ ժամանակաշրջանում բեկում մտցնել այս հարցում: Մենք բոլորս պետք է նեցուկ լինենք նրան և կարողանանք օգնել:
Ինչի եմ այսպես ասում, քանի որ մի քանի օր առաջ, երբ այդ գործընթացը չկար, բոլորը Արցախի հարցի լուծումը գնահատում էին գրեթե զրոյական: Ասում էին՝ զրո շանս ունենք։ Հիմա այս փոփոխությունով արդյո՞ք մեր շանսերը մեծանում են։ Վստահ եմ, որ այո։ Դրա համար բոլորս պետք է հույս ունենանք, որ այս փոփոխությունները բերելու են իրական հաջողությունների»,- ասաց Ա. Վանեցյանը։
Նա նաև նշեց, որ շատ կարևոր է Արցախի նոր իշխանությունները հստակ գնահատականներ հնչեցնեն Հայաստանի իշխանությունների վերաբերյալ։
«Մենք բոլորին մեղադրում ենք՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին, ԵՄ-ին, բացի Հայաստանի իշխանություններից: Ազգային ժողովը մշտապես նման հայտարարություններով հանդես եկել է, բայց, ցավոք սրտի, իշխանությունները, ի դեմս արդեն նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, նման գնահատական երբեք չի տվել:
Նոր իշխանություններն այդ ամենը տեսնելով՝ պետք է գործեն միասնական, Ազգային ժողով, գործադիր, նախագահ պետք է գործեն միասնական: Այո, պետք է միջազգային հանրությունից պահանջեն, որ օգնեն արցախցիներին այս իրավիճակից դուրս գան, բայց նաև պետք է հստակ գնահատականներ հնչեն Հայաստանի իշխանությունների մասին, որովհետև այս իրավիճակում հայտնվել ենք բացառապես նրանց վարած քաղաքականության հետևանքով»,- Ասաց Արթուր Վանեցյանը։
Հարցին, թե որքանո՞վ է ՀՀ-ում իշխանափոխությունը հնարավոր համարում, Նիկոլ Փաշինյանը կհետևի՞ Արայիկ Հարությունյանի քայլին, Ա. Վանեցյանն ասաց. «Կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, թե երբ կլինի իշխանափոխություն: Մենք պայքարում ենք, ոչ մի բան մեր օրակարգում չի փոխվել: Մենք պահանջել և շարունակում ենք պահանջել այս իշխանությունների օր առաջ հեռացումը:
Իսկ այսօրվա հանրահավաքի խորհուրդն այլ է. խորհուրդն Արցախի ձայնը լսելի դարձնելն է, Արցախի հարցը բարձրաձայնելն է, որպեսզի միջազգային հանրությունը, Արցախում բնակվող մեր քույրերն ու եղբայրները տեսնեն, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք անտարբեր չեն իրենց ճակատագրով։ Սոցցանցերում տեսանյութեր են տարածվում՝ ռեստորաններում քեֆ են անում, սրճարաններում նստած են։ Պատկերացնում եք Արցախում բնակվող մեր հայրենակցի վիճակը, ով խնդիր ունի իր երեխայի օրվա հացի հարցը լուծելու հետ։ Հավատացեք՝ բոլորը չեն այդպես։ Մենք պետք է կարողանանք ցույց տալ, որ արցախցին միայնակ չէ, մենք պայքարելու ենք Արցախի համար»:
Հարակից հրապարակումներ`
- Այս անհայրենիք, թշվառ իշխանություններն իրենց իշխանությունը պահում են մեր տղաների մահերի գնով. Վանեցյան
- Վանեցյան. Միասնություն ու անկոտրում կամք դրսևորելու դեպքում հայ ժողովուրդն այս իրավիճակից կարող է դուրս գալ հաղթանակած
- Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նոր պետնախարարին
- Սերժ Սարգսյանը հույս է հայտնում, որ Սամվել Շահրամանյանի նշանակմամբ Արցախի իշխանությունների քաղաքականությունն առավել հստակ և նպատակադրված կդառնա