Որևէ փորձ՝ հավասարության նշան դնել Լաչինի միջանցքի և այլ ճանապարհների միջև, անընդունելի է. Արցախի ԱԳ նախարար
«Մենք հաջորդ տարի այս օրը՝ Արցախի անկախության օրը, կտոնենք Արցախում։ Մենք հուսով ենք, որ ավելի շուտ ենք լինելու Ստեփանակերտում»,- այսօր Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը:
Հարցին՝ ՀՀ իշխանությունները Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս, ինչպիսի՞ն է Արցախի պաշտոնական դիրքորոշումը, նա ասաց. «1991-ի դեկտեմբերի 10-ին Արցախի ժողովուրդը հանրաքվեի ժամանակ իր հավաքական կամքն արտահայտել է: Արցախի իշխանությունները ղեկավարվում են միայն ու միայն այդ տրամաբանությամբ: Այս տարիների ընթացքում տարբեր հայտարարություններ են եղել, բայց, ինչպես տեսնում ենք, ավելի քան 120 հազար մեր հայրենակից իր ամենօրյա կյանքով ազատ, անկախ երկրի պայմաններում է իր կյանքը շարունակում»:
Նա չցանկացավ մեկնաբանել Արցախի նախագահի հրաժարականը:
Ինչ վերաբերում է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակվի, միաժամանակ գործարկվի Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը, ընդունելի՞ է Արցախի համար, Սերգեյ Ղազարյանն ասաց. «Որևէ փորձ՝ հավասարության նշան դնել Լաչինի միջանցքի և այլ ճանապարհների միջև, անընդունելի է: Արցախյան կողմը բաց է ողջամիտ առաջարկներ քննարկելու համար: Բայց պարտադրել արցախյան կողմին ընդունել վտանգավոր առաջարկներ, անթույլատրելի է:
Անկախ տարբեր միջազգային կառույցների պատասխանատուների հայտարարություններից, Արցախի ժողովուրդն ու իշխանությունները ղեկավարվում են սեփական տեսլականով»։
Ինչ վերաբեում է Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևի առաջարկին՝ 24 ժամում կբացվի Լաչինի միջանցքը, եթե բացվի Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը, նա ասաց. «Ցավոք, մենք ականատես ենք, որ անգամ Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունները, մասնավորապես, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, խախտվում է Ադրբեջանի կողմից: Այս ընթացքում ադրբեջանական կողմը որևէ քայլ չի կատարել, որը հիմքեր կտա հույս ունենալ, որ իրենք իրենց ստանձնած պարտավորությունները կկատարեն»:
Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների հետ համագործակցությանը, Սերգեյ Ղազարյանն ասաց. «Պաշտոնական Ստեփանակերտն ամենօրյա ռեժիմով փոխգործակցում է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ և հուսով ենք, որ խաղաղապահներն իրենց գործառույթները կկարողանան լիարժեք կատարել: Ադրբեջանական սադրանքների գլխավոր նպատակներից մեկը նաև այն է, որ հեղինակազրկեն այդ առաքելությունը»:
Խոսելով Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցություններին և միջազգային մեխանիզմի ներգրավվածությանն այդ բանակցություններում, Արցախի ԱԳ նախարարն ասաց. «Այս հարցին բազմիցս անդրադարձել ենք. արցախյան կողմը պատրաստ է բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով փորձել այս դժվար հակամարտությանը փոխընդունելի լուծումներ գտնել, բայց սա հնարավոր կլինի միայն միջազգային մեխանիզմի շրջանակներում։ Տեղյակ եք, որ միջնորդները ներգրավված են, իրենք էլ իրենց հերթին ջանքեր են գործադրում, որպեսզի ստանանք նման հնարավորություն»։
Հարակից հրապարակումներ`
- Ակնայի ճանապարհի բացումը նշանակում է անվտանգության դուռը բացել թշնամու առաջ. Թևան Պողոսյան
- Վերջին 30 տարվա ընթացքում Արցախը քաղաքական սուբյեկտ լինելու հնարավորություն է ստացել.Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Արցախի պաշտպանությունն ինքնաշխատ ձևով նաև Հայաստանի պաշտպանությանն է բերում. Տիգրան Աբրահամյան
- Կարևոր է՝ Արցախի նոր իշխանությունները հստակ գնահատականներ հնչեցնեն ՀՀ իշխանությունների վերաբերյալ. Արթուր Վանեցյան
- Այս անհայրենիք, թշվառ իշխանություններն իրենց իշխանությունը պահում են մեր տղաների մահերի գնով. Վանեցյան
- Նրանց իրական նպատակը Արցախը հայաթափելն է, բայց հեռահարը՝ Հայաստանի չգոյությունն է.Սեյրան Օհանյան
- Պաշարված Արցախը լքված է ՀՀ իշխանությունների կողմից. Չալաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան