Ավինյանն ասաց՝ ինչով էր զբաղված պատերազմից հետո
ՔՊ-ական գործիչ Տիգրան Ավինյանն այսօր Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարեց՝ անհամբեր սպասում է քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հետ դեբատին։
Հարցին, Մարությանին ուղղված քննադատություններն արդյոք նշանակո՞ւմ են, որ Ավինյանը հենց նրան է իր հիմնական մրցակից համարում, ՔՊ-ական փոխքաղաքապետը պատասխանեց.
«Ոչ, ես որևէ մեկին մրցակից չեմ համարում։ Վստահ եմ, որ սեպտեմբերի 17-ին երևանցիներն ընտրելու են մեր երեխաների ապագան և այն իրականության համար, որ հենց հիմա շարունակվում է»։
Ակնարկելով Մարությանին՝ նա նշեց, երբ համարում է, որ թիմում բոլորը վատն են, ինքը միակն է, որ լավն է, ուրեմն խնդիր կա նրա անձի մեջ։
«Մարությանը փախել է, հստակ։ Պատերազմից հետո, երբ կառավարության շենք մտնում էին ինչ-որ խուլիգաներ, ես զբաղված էի այդ ամեն ինչը կանխելով, որ խուլիգաներն այս երկրին տեր չկանգնեին։ Իսկ ով որ վախեցավ, սիրտը չգիտեմ, ուր փախավ, ինքը փախավ։ Երբ ժամանակը գա, դրա մասին էլ կխոսենք»,-ասաց նա։