Ի՞նչ ապաշրջափակում, եթե չլինի կայունություն և խաղաղություն. Մհեր Գրիգորյան
«Իմ ունեցած տեղեկություններով դեռևս արձագանք չկա վերջի առաջարկի վերաբերյալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանը արձագանքել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի՝ վերջերս փոխանցված առաջարկներին։
Ինչ վերաբերում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներին, նա ասաց. «Հաջորդ հանդիպման օրվա և վայրի վերաբերյալ պայմանավորվածություն չունենք։ Ընթացքում, բնականաբար, աշխատանքային կոնտակտների մակարդակով ինչ-որ հարցեր քննարկվում են, բայց որևէ պայմանավորվածություն հաջորդ հանդիպման վերաբերյալ այս պահին չկա»։
Լրագրողի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքների պասիվացումը, փոխվարչապետը պատասխանեց. «Որքան էլ ապաշրջափակման հարցերը դիտարկվեն ապաշրջափակման հարցեր, այնուամենայնիվ, ընդհանուր ֆոնը պետք է նպաստավոր լինի, որովհետև ի՞նչ ապաշրջափակում, եթե չլինի կայունություն և խաղաղություն։
Ի վերջո, ապաշրջափակումն էլ է խաղաղության գործընթաց, և ապաշրջափակումը հնարավոր կլինի կամ կիրառական կլինի խաղաղության ֆոնին։ Եվ այդ իմաստով, բնականաբար, որոշակի փոխկապակցվածություն աշխատանքների պասիվացման մասով կա»։
Նա նշեց, որ ենթակառուցվածքի և կապի մասով փոխադարձ ընկալում, կարծես թե համաձայություն կա, որ տարածաշրջանի համար դրական լուծում է, բայց դրա շահագործման հետ կապված կան բազմաթիվ հարցեր, որոնք դեռևս պետք է վերջնական համաձայնեցվեն։
«Երասխից Հորադիզ երկաթգծի ենթակառուցվածք ունենալը շատ լավ լուծում է Հայաստանի համար և, ընդհանրապես, տարածաշրջանի համար, դա կընդգծի և կավելացնի Հայաստանի լոգիստիկ դերը տարածաշրջանում։ Բայց, դրա հետ մեկտեղ, կան հարակից բազմաթիվ հարցեր, որոնք դեռևս վերջնական լուծում և պայմանավորվածություն են ենթադրում, չկա»,- ասաց Մ. Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է կրակոցների պատճառով Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանի վայրի փոփոխության մասին լուրերին, նա ասաց. «Նման տեղեկություն չունեմ և չեմ կարող ավելի մանրամասն տեղեկություն տրամադրել հետագա զարգացումների մասին»։
Մ.Գրիգորյանը կարծում է, որ բոլոր պատկան մարմինները զբաղվում են այդ հարցով, որպեսզի ներդրողն ունենա Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեություն իրականացնելու լիարժեք կոմֆորտ։ Փոխվարչապետը վստահեցրեց, որ ամեն ինչ կանեն, որպեսզի ներդրողը ունենա լիարժեք կոմֆորտ, և ներդրումը չվտանգվի։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին