Սննդի առաքման գործում հնդիկների ներգրավվումն էլ ավելի է սրել առկա խնդիրները
Հայաստանում սննդի առաքման գործում բազմաթիվ այլազգիների՝ հատկապես հնդիկների ներգրավումն էլ ավելի է սրել մինչ այս եղած խնդիրները։
«Ես պատվիրում եմ առողջ սնունդ, պետք է սնվեմ դեղերն ընդունելուց 30-40 րոպե առաջ։ Եթե մինչև վերջերս առաքումն ուշանում էր խոստացածից 30-40 րոպե, հիմա արդեն 1-2 ժամ։ Այլազգիները հիմնականում ծանոթ չեն տեղանքին, ուշ են կողմնորոշվում, գտնում հասցեները։ Բացի այդ, սննդի տարաները երբեմն լինում են ոչ հերմետիկ փակված, ու տեսնում ես, որ այդ սնունդը քեզ փոխանցում է, մեղմ ասած, հիգիենային կանոններին չհետևած մեկը։ Չեմ կերել այդ սնունդը, թափել եմ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է քաղաքացին։
Նրան հետաքրքրում է՝ մինչ սննդի առաքման հետ գործ ունենալը մարդիկ արդյոք անցնո՞ւմ են բուժզննում, ունե՞ն սանիտարական գրքույկ, առո՞ղջ են, արդյոք նրանց կարելի՞ է օրվա ընթացքում շփվել մեծաթիվ մարդկանց հետ։
«Առաքողը հասնում է իմ բնակարանի, իմ աշխատասենյակ մուտքի մոտ, հետո՝ մեկ ուրիշի։ Պատկերացնո՞ւմ եք, ինչ կլինի, եթե նա ունենա որևէ վարակիչ հիվանդություն»,-հնարավոր վտանգների մասին ահազանգում է քաղաքացին։
Մեկ ուրիշ քաղաքացի կասկած հայտնեց, որ առաքման ժամանակ նույնիսկ իր սննդից համտես են արել։ Նա էլ վճարել է առաքված սննդի համար, բայց թափել է։
Սննդի անվտանգության տեսչական մարմնից Panorama.am-ին հայտնեցին, սննդի օնլայն պատվիրման ու առաքման գործընթացը վերահսկելու որևէ լիազորություն, գործիք չունեն, օրենսդրական բաց կա։ Տեսչական մարմնում հիմա փորձում են օրենսդրական փոփոխությունների նախագիծ պատրաստել՝ առաջացած խնդիրներին լուծում տալու նպատակով։
Նկատենք, որ ՍԱՏՄ-ն քաղաքականություն մշակող մարմին չէ։ Միաժամանակ տեսչական մարմնի այս քայլը բավականին ուշացած է՝ հաշվի առնելով, որ սնունդի պատվերների քանակը վերջին տարիներին օր օրի ավելանում է, իսկ առաքող ընկերությունների ու նրանց աշխատակիցների նկատմամբ պետական որևէ մարմին վերահսկողություն չի իրականացնում։
Սննդագիտության դոկտոր (Իտալիա), ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանն այս առումով մատնանշում է միջազգային պրակտիկան, երբ առաքումը նույնպես հանդիսանում է սննդի մատակարարման շղթայի կարևորագույն փուլ, այն համարվում է բիզնես օպերատոր։
«Առաքման փուլում ներգրավված մարդիկ պետք է ունենան սանիտարական գրքույկներ, այսինքն անցնեն համապատասխան հետազոտություններ։ Մինչդեռ Հայաստանում այս հարցը խիստ վտանգավոր ու խնդրահարույց է, կարևորագույն այս փուլը չի համարվում սննդի մատակարարման շղթայի մաս ու որևէ ստուգում չի իրականացվում։ Մեծ հաշվով չկա տարբերություն, խոհանոցի աշխատակիցն է վարակված, մատը կտրած, թե սնունդ առաքողը»,-ասաց Դավիթ Պիպոյանը։
Սննդագետի համոզմամբ, ցանկության դեպքում պետությունը կարող է արագ լուծում տալ խնդրին, ինչպես օրինակ, քայլեր ձեռնարկվեցին կտրած ձմերուկի վաճառքն արգելող փոփոխությունների դեպքում։
«Այդ հարցը կարգավորում են «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում իրականացվող փոփոխություններով, նույնն էլ առաքման փուլի մասով կարող են անել։ Այսինքն եթե մտքներին տեղ լինի, ամեն հարցի արագ կանոնակարգումն էլ, լուծումն էլ կգտնվի»,-նշեց Panorama.am-ի զրուցակիցը։
Պիպոյանն այս առումով խնդրահարույց է որակում նաև առաքվող սննդի անվտանգությունն ու դրա նկատմամբ իրականցվող վերահսկողությունը։
«Քանի որ պատվիրվող սննդի ծավալները գնալով մեծանում են, բազմաթիվ օբյեկտներ սովորել են օրենքը շրջանցելու ձևը։ Օրինակ, հրուշակագործական արտադրանք ստեղծելու համար համապատասխանության գնահատման ընթացակարգ, լաբորատոր փորձաքննության պետք է անցներ, հիմա պատրաստի արտադրանքը դնում են սրճարանի կամ այլ օբյեկտի սառնարան ու այստեղից առաքում են անում։ Ստացվում է, անհայտ պայմաններում պատրաստված այդ սնունդն օգտագործում են բազմաթիվ մարդիկ։ Պետությանն ընդհանրապես չի հետաքրքրում սննդի անվտանգությունը, սպառողի շահը։ Նույն անվերահսկելի վիճակն է սուպերմարկետներում, որտեղ աղցաններ ու այլ ուտելիքներ են վաճառում։ Նա իրավունք չունի գդալով, առանց չափածրարման, առանց մակնշման աղցան լցնի տարայի մեջ ու վաճառի, քանի որ սուպերմարկետը հանրային սննդի կետ չի։ Այդ սնունդը պետք է լինի մակնշված ու ԵԱՏՄ օրենսդրության համապատասխան»,-մանրամասնեց Պիպոյանը։
Փորձագետները նշում են, որ այստեղ անելիք ունի նաև առողջապահության նախարարությունը, քանի որ, ինչպես նշվեց վերևում, առաքում իրականացնող տնետուն է մտնում։
«Այստեղ չպետք է քննարկել միայն սննդի խաչաձև աղտոտումը։ Նա պետք է առողջ լինի, որ մարդկանց չվարակի։ Հայտնի է նաև, որ այսօր սնունդ տունը պատվիրում են նաև ինֆեկցիոն հիվանդություններով մարդիկ, որոնք չեն կարողանում տանից դուրս գալ։ Հասկանալի է, չէ՞, որ սա առողջապահական կարևոր խնդիր է»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Քերոբյանի ղեկավարած գերատեսչությունն առաջարկում է տուգանել կտրած ձմերուկ և սեխ վաճառողներին
- Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը չի զբաղվի Վահան Քերոբյանի հիմնադրած ընկերության առերևույթ խախտմամբ
- «Menu.am-ը մոլորեցնում է սպառողին. Մրցակցային մարմինը պետք է արձագանքի»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան