Ցուցահանդես՝ նվիրված Սարգիս Բաղդասարյանի ծննդյան 100-ամյակին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2023 թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 17:00-ին, Հայաստանի նկարիչների միության «Արա Սարգսյան» ցուցասրահում տեղի կունենա ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Հայրենական մեծ պատերազմի վետերան, քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Ցուցահանդեսին ներկայացվելու է քանդակագործի տարբեր տարիներին կերտած քանդակներ, մոնումենտալ արձանների լուսանկարներ, որոնք տեղադրված են թե՛ Հայաստանում և թե՛ արտերկրում։ Ցուցահանդեսին ներկայացվելու է ինչպես հեղինակի ընտանիքին պատկանող, այնպես էլ մասնավոր հավաքածուներից:
Ցուցահանդեսի հիմնական նպատակն է անդրադառնալ հայ անվանի գեղանկարչի թողած մեծ ժառանգությանը և արվեստասեր հասարակությանը ևս մեկ անգամ ներկայացնել նրա ստեղծագործությունները:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև սեպտեմբերի 15-ը:
Սարգիս Բաղդասարյանը ստեղծել է հերոսական, ռոմանտիկ դիմաքանդակներ, կոմպոզիցիաներ, հուշարձաններ, դեկորատիվ քանդակներ։
Քանդակագործի ստեղծագործական շրջանակը առավելապես դիմաքանդակն էր, որը թույլ է տվել ուշադրությունը բևեռել մարդկային տարբեր խառնվածքների վրա. նա ստեղծել է անվանի մտավորականների քանդակաշար` Ե. Չարենց, Ս. Փարաջանով, Լեո, Վ. Սարոյան և այլոց: Բաղդասարյանը էապես նպաստել է հաստոցային քանդակի զարգացմանը:
Ստեղծագործություններից են՝ «Հունան Ավետիսյան», Շուշանիկ Կուրղինյանի մահարձանը (1952, բրոնզ, Կոմիտասի անվան պանթեոն-զբոսայգի, Երևան), «Ավետիք Իսահակյան» (1965, բրոնզ, Երևան), «Հակոբ Պարոնյան» (1965, գրանիտ, Երևան): Նրա գործերից պահվում են Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստի (Մոսկվա), Լիտվայի, Տաջիկստանի թանգարաններում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան