FIP.Անհայտ ծագման հազարավոր դոլարներ՝ Ավինյանի հակառակորդներին «սևացնելու» համար
Փաստերի ստուգման հարթակը գրում է.
«Նախընտրական շրջանում սոցիալական ցանցերում ակտիվանում են ինչպես քաղաքական ուժերն ու գործիչները, այնպես էլ նրանց սատարող կեղծ օգտահաշիվներն ու էջերը։
Վերջերս այդպիսի ակտիվություն է նկատվում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը սատարող ֆեյսբուքյան էջերի շրջանում։ Հատկանշական է, որ այդ ակտիվությունն առավել ակնհայտ դարձավ այն բանից հետո, երբ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին։
Մարությանի այս հայտարարությանը զուգահեռ, Ֆեյսբուքում վերաակտիվացան նախկինում ստեղծված, սակայն վերջին շրջանում որևէ հրապարակում չարած էջերը, ինչպես նաև ստեղծվեցին նորերը, որոնք միանգամից լծվեցին ինչպես քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին գովերգելու, այնպես էլ հակառակորդ թեկնածուներ Մարությանին, երբեմն էլ Մանե Թանդիլյանին վարկաբեկելու գործին։
Այս էջերի համաժամանակյա ակտիվացումը կամ ստեղծումը հիմք է տալիս պնդելու, որ դրանք կառավարվում են միևնույն կենտրոնից։
«Փաստերով» ֆեյսբուքյան էջը ստեղծվել է օգոստոսի 9-ին․ դրա նախորդ օրը՝ օգոստոսի 8-ին էր Մարությանը հայտարարել ավագանու ընտրություններին իր մասնակցության մասին։ Ստեղծվելուց րոպեներ անց այս էջում տեղադրվել է տեսանյութ, որտեղ պնդում է արվում, թե նոր ավտոբուսները ներկրվել են Տիգրան Ավինյանի ջանքերով։
Հաջորդ հրապարակումը էջում հայտնվում է արդեն մեկ շաբաթ անց, և թիրախում կրկին Մարությանն է։ Այս անգամ արդեն հրապարակվել է օգտատերերից մեկի գրառումը, որտեղ վերջինս Հայկ Մարությանի առաջադրումը որակում է «քաղաքական աճպարարություն»։
Այնուհետև էջում հայտնվում են մի քանի տեսանյութեր Երևանում իրականացված բարեփոխումների վերաբերյալ, որոնցից մեկն էլ ավտոբուսներով փոխարինված «Գազելների» մասին է։
Հատկանշական է, որ եթե մյուս հրապարակումներն ունեցել են 1-2 հավանում կամ մեկնաբանություն, ապա Հայկ Մարությանին ու ավտոբուսներին նվիրված տեսանյութերի դեպքում հավանումների թիվը 400-700 է, ինչը թույլ է տալիս պնդել, որ այս երկու հրապարակումների համար կիրառվել է ֆեյսբուքյան գովազդ։ Ի դեպ, նույնիսկ էջում տեղադրված լուսանկարներին նայելով կարող ենք պնդել, որ այն բացվել է Հայկ Մարությանի դեմ քարոզչական արշավի շրջանակներում․ հրապարակված չորս նկարներից երկուսն էջի անվանումով նկարներ են, մյուս երկուսը «նվիրված են» Հայկ Մարությանին»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին