Կապանի օդանավակայանի վրա ադրբեջանական կրակոցների փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել
Կապանի օդանավակայանի ուղղությամբ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներից կրակոցների վերաբերյալ ահազանգ-հաղորդում քննչական կոմիտեն ստացել է սեպտեմբերի 1-ին գիշերը՝ ժամը 03։00-ին մոտ։ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց մամուլում տարածված տեղեկությունները։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 15-րդ կետերի հատկանիշներով և 264 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով։
«Իրականացվել է դեպքի վայրի զննություն է, պատերի վրա արձանագրվել են կրակոցների հետքեր։ Նշանակվել են փորձաքննություններ։ Տուժածներ չկան»,-ասաց Գ. Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ Քրեական օրենսգրքի 44 հոդվածը վերաբերում է հանցափորձին, 155 հոդվածը՝ սպանությանը։
155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 15րդ կետերը սահմանում են.
«Սպանությունը, որը կատարվել է այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով պատժվում է ազատազրկմամբ՝ տասնչորսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ»։
Քրեական օրենսգրքի 264 հոդվածը վերաբերում է գույքը ոչնչացնելուն կամ վնասելուն։ 264 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը սահմանում է.
«Ուրիշի գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառելը, որը կատարվել է ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով»։
Սյունիքի օդանավակայանի ուղությամբ կրակողների փաստով ևս մեկ քրեական վարույթ նախաձեռնվել է այս տարվա օգոստոսի 18-ին՝ նույն հոդվածների հատկանիշներով։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ կրակոցներ են արձակել
- Երևան-Կապան չվերթի օդանավը չի կարողացել Սյունիքում վայրէջք կատարել
- Այսօր առաջին անգամ կայացել են Երևան-Կապան, Կապան-Երևան օդանավով թռիչքները
- ԱԱԾ-ն տեղեկություններ չունի «Սյունիք» օդանավակայանի մոտ հնչած կրակոցների մասին
- Էլիբեգովա. ԱԱԾ-ն արդեն որոշել ա, որ օդանավակայանին կից մեր օկուպացված տարածքները թշնամո՞ւնն են
- Ադրբեջանցիները կրակել են Կապանի օդանավակայանի ուղղությամբ․ ԱԱԾ