Երևանում առաջին անգամ կանցկացվի Համաշխարհային զբոսաշրջային ներդրումային համաժողով
ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) հետ համատեղ Երևանում սեպտեմբերի 6-8-ը կանցկացվի Համաշխարհային զբոսաշրջային ներդրումային համաժողովը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Երևանում նման համաժողով առաջին անգամ է անցկացվում։ Ֆորումին կմասնակցեն ՄԱԿ-ի անդամ երկրների զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ, օտարերկրյա և տեղական ներդրողներ, դեսպաններ։
«Հետաքրքիր խոսնակներ ունենք ԱՄՆ-ից, Եվրոպայից, Դուբայից, որոնք կխոսեն ամբողջ աշխարհում զբոսաշրջության ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի մասին, միաժամանակ կներկայացվի Հայաստանի զբոսաշրջային պոտենցիալը»,- ասաց նա։
Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սոնա Հովհաննիսյանն էլ նշեց, որ համաժողովի նպատակն է ներկայացնել այսօրվա միտումները զբոսաշրջության ոլորտում, թե ինչպես են մտածում ներդրողները և հիմնականում որտեղ են ներդրումներ կատարում։։
«Կորոնավիրուսը մեծ ազդեցություն է ունեցել զբոսաշրջության ոլորտի վրա, ամբողջ աշխարհում հենց այս ոլորտն է զգալի տուժել, ներդրումային դաշտն էլ բավականին փոխվել է, ուստի հարկավոր է հասկանալ, թե ներդրողները որտեղ և որ ճյուղերում են գերադասում ներդրումներ կատարել»,- ընդգծեց նա։
Սոնա Հովհաննիսյանը նաև նշեց, որ համաժողովը մեկ անգամ ևս հնարավորություն կտա տարբեր երկրների ներկայացուցիչներին ներկայացնել Հայաստանը։ Մասնավորապես, ֆորումի շրջանակներում նրանց համար կկազմակերպվեն մի շարք տուրեր Հայաստանի տարբեր մարզերում, որի ժամանակ կներկայացվի հայկական մշակույթը, խոհանոցը, գինին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան