Հայաստանի երկու պետական անսամբլների համար տարին հոբելյանական է
Հայաստանի երկու պետական անսամբլների համար տարին հոբելյանական է, և երկու կոլեկտիվների հոբելյանների առթիվ Երևանում և մարզերում կկազմակերպվեն համերգներ։ Մասնավորապես, Պարի պետական անսամբլը նշում է ստեղծման 65, Ալթունյանի անսամբլը՝ 85-ամյակը։
Սեպտեմբերի 8-ին, ժամը 19:00 Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա Պարի պետական անսամբլի 65-ամյակի միջոցառումը, որի ընթացքում կներկայացվեն արդեն ծանոթ և նոր բեմադրություներ: Հատուկ համերգի համար վերականգնվել են պարեր, որոնք երկար ժամանակ չեն եղել կոլեկտիվի պարացանկում։ Կցուցադրվի նաև նոր ստեղծված ֆիլմ՝ Պարի պետական անսամբլի մասին։
Սեպտեմբերի 9-ին, ժամը 19:00 Վանաձորի Շ. Ազնավուրի անվան մշակույթի պալատում կկայանա Ալթունյանի անսամբլի 85-ամյակին նվիրված համերգ։ Միջոցառմանը նույնպես կներկայացվեն կներկայացվեն հին ու նոր բեմադրություներ: Կցուցադրվի նաև նոր ստեղծված ֆիլմ՝ անսամբլի մասին։
Հոբելյանական միջոցառումների գագաթնակետը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին, ժամը 19:00 Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Այդ օրը կնշանավորվի երկու անսամբլների ելույթներով։
Նշենք, որ միջոցառումները կազմակերպել է Զարկ ժողովրդական երաժշտության և պարի աջակցման հիմնադրամը՝ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։