Շրջանառվում են կեղծ 20 հազար դրամանոցներ. Ահազանգում են դրամանենգության զոհերը
«Կեղծ 20 հազար դրամանոցներ են շրջանառվում։ Ես էլ դարձա դրա զոհը»,-ֆեյսբուքյան ամենամեծ խմբերից մեկում ահազանգում է օգտատերերից մեկը։
Գրառման ներքո մի քանի հարյուր մեկնաբանություն կա։ Խմբի անդամ կանայք նկարագրում ու պատմում են դեպքեր, թե երբ ու ինչ հանգամանքներում են իրենք կամ իրենց ծանոթը դարձել դրամանենգության զոհը։
«Դեղատուն էլ էին բերել, էն էլ հասկացանք, որ կեղծ ա: էն աջ հատվածի 20.000-ը անպայման շոշափեք վերցնելուց, կեղծինը ուռուցիկությունը չկա»,-պատմում է դեղատան աշխատակից կինը։
«Հավաքած գումար ունեի: Մի ամիս կլինի հավաքում էի: Էսօր մուծում անելուց չվերցրեց տերմինալը: Պարզվեց կեղծ է»,-ներկայացնում է մեկ ուրիշը։
«Դեռ մի տարի առաջ դա կար։ Գալիս են կապիշոնը քաշած, որ տեսախցիկներով դեմքը չերևա, մի 1000 դրամի առևտուր անում, 19000-ն էլ մնումա իրենց։ Սովորական 20000ից չափսերով ու գույնով տարբերվում է»,-դրամանենգության մեկ այլ տարածված պրակտիկա է նկարագրում մեկ ուրիշը։
Շատերը դժգոհում են վերհսկողության բացակայությունից։
«Մտածում եմ փող տպող մեքենա պատվիրեմ ,մեկ ա տեր տիրական չկա, ձեզ էլ կբաժանեմ մի նախանձեք»,-կատակում է խմբի անդամներից մեկը։
«Տիկ տոկով մեռան գովազդելով՝ վաճառվում են կեղծ 20000 դրամներ։ Չեմ հասկանում՝ ես տեսնում եմ ոստիկանությունը չէ՞»,-գրել է մեկ ուրիշը։
«Կեղծ դրամանիշեր հայտնաբերելիս անհրաժեշտ է դիմել իրավապահ մարմիններին»,-Panorama.am-ի հետ զրույցում ասացին Կենտրոնական բանկից։
Ոստիկանությունը դրամանենգության դեպքերի վիճակագրություն տրամադրելու համար գրավոր հարցում պահանջեց։ Մինչ դա ուղարկեը, Panorama.am-ը իրավապահ մարմնի պաշտոնական կայքում որոնում իրականացրեց։ Վերջին ահազանգը գրանցվել է օրեր առաջ.
«Օգոստոսի 29-ին, ժամը 22-ին, Պտղունք գյուղի դեղատան վաճառողուհին զանգել է 1-02 և հայտնել, որ հաճախորդն իրեն տվել է կեղծ 20 հազար դրամանոց: Կինը հայտնել էր նաև, որ չորս հազար դրամի գնումից բացի, ինքը վերադարձրել է մանրը: Նա հավելել է, որ կա տեսագրություն:
Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Իրավապահներն արագ պարզել են, որ կեղծ դրամով առևտուր անողը Մուսալեռ գյուղի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ է: Ահազանգից երկու ժամ անց նա ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են»։
Բաց հրապարակումներից կարելի է դատել, որ կեղծ թղթադրամներն առավել հաճախ իրացվում են նաև բենզալցակայաններում։ Կեղծ 20 հազար դրամանոցներ իրացնելու գործով դեռ 2020-ին Մխչյանում ձերբակալություններ են եղել։ Գյուղի տներից մեկում ոստիկանությունը հայտնաբերել էր կեղծ թղթադրամներ՝ այդ թվում այլ երկրների արժույթով։
2020-ի ամռանը ոստիկաններն Արաբկիրում՝ մի երիտասարդի վարձակալած բնակարանում հայտնաբերվել էին 20 հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ ու տպիչ սարք, որով, պատրաստվել էին կեղծ թղթադրամները։
Սակայն ինչպես տեսնում ենք՝ ոստիկանության գործողությունները բավարար չեն նոր կեղծ թղթադրամների տպելը, շրջանառվելը կանխելու համար։
Ինչպես տարբերել կեղծ և իրական թղաթադրամները, չդառնալ խաբեության զոհ։
Կենտրոնական Բանկից Panorama.am-ին տրամադրեցին 3-րդ սերնդի 20000 դրամանոց թղթադրամի նկարագրությունը։
Ըստ այդմ, թղթադրամի պաշտպանական հատկանիշներից են մանրաթելերը։ Թղթադրամի հումքի մեջ ներառված են տեսանելի և անտեսանելի (ուլտրամանուշակագույնլույսի ներքո լուսածորող) մանրաթելեր։
Թղթադրամի դիմերեսին որոշ պատկերներ տպագրված են խոր տպագրության
եղանակով՝ ունեն բարձր մակերես և հստակ շոշափվում են.
- դիմանկարը,
- դիմանկարի շուրջ պատկերները,
- թղթադրամի անվանական արժեքն արտահայտող թվանշանները,
- թղթադրամի անվանական արժեքն արտահայտող բառերը,
- «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» գրառումը,
- Տկարատեսների համար նախատեսված հատկանիշը:
2-րդ սերնդի 20000 դրամանոց թղթադրամի պաշտպանական հատկանիշները՝ հղումով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան