Նիկոլ Փաշինյան. Չի կարող պետական մի հիմնարկում հիմնը մի տեմպով հնչել, մյուս տեղում՝ այլ տեմպով
Նիկոլ Փաշինյանը այցելել է Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի հիմնական նորակառույց դպրոց, ծանոթացել կատարված աշխատանքներին:
Իր ելույթում նա նշել է՝ պետք է երեխային սովորեցնել, թե ինչպես լավ ապրել:
«Երեխային պետք է ասենք՝ սիրելիներս, դուք պետք է ապրեք լավ, դուք պետք է ապրեք բարեկեցիկ: Սրա համար, իմ գնահատմամբ, չորս բան է հարկավոր: Առաջինը՝ գիտելիք, հմտություն, երեկ էլ ասացի, որ գիտելիքն ընդամենը տեղեկություններ իմանալը չէ, որը շատ կարևոր է, գիտելիքն անհրաժեշտ տեղեկությունն անհրաժեշտ պահին հնարավորինս արագ ստանալու հմտությունն է: Պետք է լինեք ֆիզիկապես ուժեղ, և՛ տղաները, և՛ աղջիկները պետք է լինեն հոգեպես ուժեղ՝ ի վիճակի լինելու, դիմակայելու կյանքի փորձություններին, որոնց մասին, ցավոք, կյանքը մեզ նախապես չի ասում:
Եվ չորրորդ՝ պետք է աշխատասեր լինեք, հատուկ հարգանք ունենաք աշխատանքի նկատմամբ: Ընդ որում, պիտի իմանաք, որ չկա վատ աշխատանք, ցանկացած աշխատանք լավ է և հարգանքի արժանի: Այսօր շատ է խոսվում այն մասին, և դա նորմալ է՝ և՛ ծնողները, և՛ ուսուցիչներն ուզում են, որ երեխաներն ընդունվեն բարձագույն ուսումնական հաստատություններ: Բայց նաև, եթե մենք հարցը դիտարկենք ոչ միայն դիպլոմի տեսանկյունից, այլև բարեկեցության՝ ամենևին էլ փաստ չէ, որ հենց բարձրագույն կրթությունն է ամեն երեխայի համար ապահովելու բարեկեցություն», - ասել է նա։
Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողել խոսելու ՀՀ պետական օրհներգի մասին։ Այս անգամ նա անդրադարձել է հիմնի կատարման չափանիշներին.
«Վերջին օրերին հինգ, վեց դպրոցներում եմ եղել. մեր բոլոր միջոցառումները սկսվում են պետական օրհներգով և մենք Հայաստանի պետական օրհներգի վեց տարբեր վարկածներ ենք լսել՝ վեց տարբեր արագությամբ: Սա էլ է խնդիր, չի կարող պետական մի հիմնարկում հիմնը մի տեմպով հնչել, մյուս տեղում՝ այլ տեմպով կամ այլ տեքստով»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան