Ազնավուրի հուշարձանի նախագծի մրցույթին մասնակցած 2-3 քանդակագործներ էին, ովքեր կողմնորոշվել էին ներկայացված չափորոշիչներով. Սուրեն Սաֆարյան
Panorama.аm-ն արդեն գրել է, որ 2024 թվականին մեծանուն շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում Շառլ Ազնավուրի հուշարձանի տեղադրման համար հայտարարվել էր նախագծի բաց մրցույթ։ Ստացվել էին 37 հայտ-էսքիզները, որոնք ներկայացվել էին հատուկ ձևավորված հանձնաժողովի քննարկմանը, սակայն որևէ մեկը չէր ընտրվել։ Հայտարարվելու է նոր մրցույթ։
Panorama.am-ը Երևանի քաղաքապետարանից տեղեկացավ, թե ովքեր են հանձնաժողովի կազմում. նախագահն է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, անդամներ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Ստեփան Մաչյան, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյան, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժի պետ Լևոն Առաքելյան, համաձայնությամբ՝ Երևան քաղաքի ավագանու անդամ Նուարդ Վարդանյան, Հայաստանի Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյան, Հայաստանի Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյան, ՀՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ Տիգրան Արզումանյան, ՀՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ Ալբերտ Վարդանյան, Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուր, Նիկոլ Ազնավուրի կինը, «Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Կրիստինա Ազնավուր, «Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Կարիեն Էվոյան։
Panorama.am-ը զրուցեց հանձաժողովի անդամ, Հայաստանի Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի հետ։
Panorama.am-Երևանի քաղաքապետարանից հայտնել են՝ Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված բաց մրցույթի 37 հայտ-էսքիզներից որևէ մեկը չի ընտրվել: Ինչո՞ւ հանձնաժողովը չընտրեց ներկայացված նախագծերից որևէ մեկը։ Ինչպե՞ս քննարկումների արդյունքում եկանք նման որոշման։
Սուրեն Սաֆարյան- Ոչ թե որևէ նախագիծ չի ընտրվել, այլ հանձնաժողովը պարզապես չեղարկեց մրցույթը, որովհետև ի սկզբանե տեղանքը, մեր կարծիքով, համապատասխան չէ քանդակի համար։ Առհասարակ, քանդակի համար այդ տեղը հարմար չէ. դա շատ աշխույժ խաչմերուկ է, նաև քանդակին մոտենալ ուղղակի հնարավոր չի լինում։ Մեր պրակտիկայից արդեն գիտենք։ Այնտեղ Ռոդենի քանդակն է տեղադրված ու հնարավոր չէ մոտենալ, դժվարություններ կան։
Կա նաև դիտակետի խնդիր, որովհետև քանդակը տարբեր խաչմերուկներից պետք է ունենա 360 աստիճան դիտակետ ու տրվեն ճիշտ լուծումներ։
Իմ կարծիքով, այդտեղ կարող է վեր խոյանալ խորհրդանշող ստելլա, աբստրակտ աշխատանք՝ ոչ շատ պարտադրող, բայց հրապարակը լրացնող։
Ինչ վերաբերում է Ազնավուրի մրցույթին, այն չեղարկվեց, որոշում կայացվեց հայտարարել նոր մրցույթ նոր վայրում։ Վայրերից առաջնայինը դիտարկվում է Ազնավուրի հրապարակը։
Առաջիկայում կլինի նոր հայտարարություն, քանդակագործները տեղյակ կլինեն։ Մենք պետք է աշխատենք չափորոշիչների վրա, որպեսզի ավելի շատ ժամանակ տրվի քանդակագործների, քանի որ շտապել պետք չէ, գործ ունենք մեծանուն հանճարի հետ և պետք է շատ երկար մտածել, ճիշտ լուծում գտնվի, ճիշտ քանդակ՝ իր դիրքով, կոմպոզիցիոն լուծումներով։
Panorama.am-Այսինքն, հանձնաժողովը չի՞ քննարկել ներկայացրած նախագծերը։
Սուրեն Սաֆարյան- Ոչ, չենք քննարկել, քանի որ հանձնաժողովի կողմից մրցույթն ամբողջովին չեղարկվել է։ Իսկ եթե մենք նույնիսկ քննարկեինք, մասնակից քանդակագործերից, կարող եմ ասել, մոտավորապես 2-3 հոգի էին, ովքեր ներկայացված չափորոշիչներով էին կողմնորոշվել և 360 աստիճան դիտակետ ունեցող կոմպոզիցիոն լուծուներ էին առաջարկել։
Panorama.am -Հնարավո՞ր է նույն նախագծերը ներկայացնել հայտարարվելիք մրցույթում։
Սուրեն Սաֆարյան- Մրցույթը մասնակիցների համար բաց է, կարող են նույն քանդակը ներկայացնել, կընտրվի, թե ոչ, արդեն հանձնաժողովի աշխատանքն է։
Panorama.am - Իսկ դուք ի՞նչ կարծիք ունենք, կիսո՞ւմ եք հնչած բացասական կարծիքները։
Սուրեն Սաֆարյան- Ոչ թե այդպես բացասական... Ավելի լավ լուծումներ կարող էինք ունենալ։ Այստեղ ունեինք քանդակագործների պակաս, քանի որ չափորոշիչներն ավելի շատ կաշկանդում էին արվեստագետներին։ Դրա համար, իմ կարծիքով, շատերը չէին մասնակցել։ Նաև տեղանքի հետ կապված կային խնդիրներ։ Այդ պատճառը նույնպես խոչընդոտ էր հանդիսացել, որպես մեր քանդակագործները չմասնակցեին։ Այս դեպքում, կարծում եմ, ավելի շատ մասնակիցներ կունենանք։ Հույս ունեմ, կընտրվի լավագույնը։
Panorama.am-Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Շառլ Ազնավուրի արձանն Ազնավուրի անվան հրապարակում տեղադրելու նախագիծ կներկայացվի
- Ազնավուրի հուշարձանի նախագծերից որևէ մեկը չի ընտրվել ժյուրիի կողմից
- «Առանց արվեստի ու մտքի թռիչքի». Ազնավուրի արձանի նախագծերի մասին
- Քվեարկության է դրվել Շառլ Ազնավուրի քանդակի նախագիծը
- Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված Ֆրանսիայում կանցկացվի մեծ համերգային ծրագիր, կկազմակերպվի ցուցահանդես
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան