Երեխային մանկատուն հանձնելու դեպքում միանվագ նպաստը հետ բռնագանձելը համարում ենք ոչ նպատակահարմար. Դավիթ Խաչատրյան
«Այն ծնողը, որը երեխային հանձնել է մանկատուն, տրամաբանորեն սոցիալապես վատ վիճակում է գտնվում, հետևաբար գործող կարգավորմամբ սահմանվող ստացած ծննդյան միանվագ նպաստը հետ բռնագանձելը համարում ենք ոչ նպատակահարմար և հանում ենք այդ դրույթը»,-ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյան՝ ներկայացնելով «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Փոխնախարարը հիմնավորեց, որ միանվագ նպաստի հետ գանձման պահանջը հանվում է այն դեպքերում, երբ երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխան կամ նոր ծնված երեխան հայտնվում է մանկատանը՝ հաշվի առնելով, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստը պարբերական բնույթ չունի, տրվում է ծնվելու կապացությամբ և դրա իրավունք տվող պայմանները սհամանվում են դիմելու օրվա դրությամբ:
Դավիթ Խաչատրյանի ներկայացմամբ՝ նախագծի մեկ այլ դրույթով օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնեղ անձանց, նրանց օտարերկրյա պետությունում գտնվող ամուսնուն, ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատնտեսական անձնակազմում աշխատողների երեխային ծննդյան միանվագ նպաստ կնշանակվի, եթե երեխայի ծննդի վավերացումն իրականացրել է ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինը:
Նա նաև հայտնեց, որ «Պետական նպաստների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասում առկա «առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ» ձևակերպմները չեն համապատասխանում «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի դրույթներին, համաձայն որոնց՝ անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքներով որոշվում է նրա ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ թեթև, միջին, ծանր, խորը: Ֆունկցիոնալության սահմանափակման միջին կամ ծանր կամ խորը աստիճան սահմանելու դեպքում անձը ճանաչվում է հաշմանդամություն ունեցող, հետևաբար առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց ձևակերպումը փոխվում է ֆունկցիոնալության նոր ձևակերպումներով:
Հարակից հրապարակումներ`
- Նպաստառուներին՝ ընտանեկան, սոցիալական նպաստների և հրատապ օգնության անկանխիկ վճարման մասին
- Կառավարության ընդունած որոշումը կնպաստի ԱՊՀ տարածքում ներդրումային գործունեության ազատականացմանը
- Արցախի ՄԻՊ-ի առաջարկությամբ վերանայվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման կարգը
- Օգոստոսին անկանխիկ գործարքներ է կատարել շուրջ 27. 000 կենսաթոշակառու և նպաստառու