Վերականգնվում է Փարպիի Ծիրանավոր եկեղեցին, պեղվում է Ոսկեհատի դամբարանադաշտը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ վերականգնվելու է ՀՀ Արագածոտնի մարզի Փարպիի Ծիրանավոր եկեղեցին: ԿԳՄՍՆ աշխատակիցները հերթական այցն են կատարել մարզ՝ եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսելու, տեղում կապալառուի, տեխնիկական և հեղինակային հսկողության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի 5-րդ դարի Ծիրանավոր եկեղեցու ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքների ձեռքբերման բաց մրցույթը հայտարարվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից մի քանի անգամ: Երրորդ անգամ հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Հարսնաձոր» ՍՊԸ-ի հետ կնքվել է պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման պայմանագիր, որի շրջանակներում նախատեսվում է միչև 2025 թ. ավարտել հուշարձանի վերականգնողական աշխատանքները: Այցի նպատակն էր իրականացնել կապալառու կազմակերպության հանդիպումը որակի տեխնիկական և հեղինակային հսկողությունն իրականացնող կազմակերպությունների հետ՝ նախքան շինարարական աշխատանքների մեկնարկը քաղաքաշինական նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան շինհրապարակը պատշաճ կերպով կազմակերպման համար: Առաջիկա օրերին կկատարվի տարածքի սահմանազատում և շինհրապարակի կահավորում, որից հետո կսկսվեն աշխատանքները:
Հաջորդ այցելված հուշարձանը Ոսկեհատի դամբարանադաշտն էր, որտեղ արդեն մի քանի ամիս պեղումներ է իրականացնում «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը: Աշխատանքային խումբը ծանոթացել է պեղումների ընթացքին և արդյունքներին:
Այցի վերջին կանգառը ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ծիրանավոր եկեղեցին էր, որի արևմտյան պատի մի հատված փլուզվել էր մոտ մեկ ամիս առաջ: Նախատեսվում է հրատապ վերականգնել փլուզված հատվածը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներուվ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան