Հաստատվել է դպրոցներում երկարօրյա ուսուցման կազմակերպման նոր կարգը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, երկարօրյա ուսուցումը կազմակերպվելու է երկարօրյա խմբերում, որոնք ստեղծվելու են՝
• Ծնողների դիմումի հիման վրա (վճարովի սկզբունքով), որոնք միտված են սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքներում ընտանիքին համակողմանի օգնություն ցուցաբերելու, դասապատրաստումներին աջակցելու, ինքնուրույն սովորելու կարողությունները զարգացնելու նպատակով: Սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների համար երկարօրյա խմբում ծառայությունների մատուցումը կարող է կազմակերպվել անվճար:
• Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման շրջանակում 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում ցածր առաջադիմություն ունեցողներին կրթական աջակցություն տրամադրելու նպատակով:
2023-2024 ուստարվանից հանրապետության բոլոր դպրոցներում Հանրակրթության պետական չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ հանվել է բացասական գնահատականը, և ցածր առաջադիմությունը չի կարող հիմք հանդիսանալ ուսումնառությունը կրկնելու համար: Նոր կարգի համաձայն՝ ցածր առաջադիմություն ունեցող սովորողների ծրագրային բացը, ըստ անհրաժեշտության, կլրացվի երկարօրյա պարապմունքների միջոցով:
Ուսումնառության ցածր արդյունքներ ունեցող սովորողների համար ծրագրային նյութի յուրացման ապահովման նպատակով հաստատություններին տրվելու է անհրաժեշտ ֆինանսավորում. որևէ վճար ծնողի կողմից չի լինելու:
Ծնողների դիմումի հիման վրա կազմակերպվող երկարօրյա խմբերը ձևավորվում են ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակում՝ մինչև սեպտեմբերի 10-ը, երկրորդ կիսամյակում՝ մինչև հունվարի 15-ը, և համալրվում են ուսումնական տարվա ընթացքում՝ ըստ անհրաժեշտության:
Ուսումնառության ցածր արդյունքներ արձանագրած սովորողներին ուսումնառության արդյունքները բարելավելու համար երկարօրյա խմբերը ձևավորվում են ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակում՝ սկսած հոկտեմբերի 1-ից, երկրորդ կիսամյակում՝ սկսած փետրվարի 1-ից, համալրվում են ուսումնական տարվա ընթացքում՝ ըստ անհրաժեշտության:
Սովորողի երկարօրյա պարապմունքները դադարեցվում են ուսումնական պլանով սահմանված առարկայի դասավանդման ժամանակ առաջադիմության դրական արդյունք արձանագրելու դեպքում:
Հաստատության 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում սովորողի ուսումնառության ցածր արդյունքների դեպքում առարկայական ծրագրի յուրացումն ապահովելու նպատակով Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի տվյալների հիման վրա տվյալ առարկան դասավանդող ուսուցիչը կամ սովորողի դասղեկը երկարօրյա ուսուցում կազմակերպելու համար դիմում է տնօրենին՝
• այն դասարաններում, որտեղ չի իրականացվում միավորային գնահատում, սովորողների կողմից որևէ առարկայից առաջադիմության բնութագրող գնահատման միջոցով արձանագրված ցածր արդյունքներ ունենալու,
• այն դասարաններում, որտեղ իրականացվում է միավորային գնահատում, սովորողների կողմից որևէ առարկայից 2 անգամ անընդմեջ 1-3 գնահատական ստանալու դեպքերում:
Ուսումնառության ցածր արդյունքներ արձանագրած սովորողներին կրթական աջակցություն տրամադրելու նպատակով երկարօրյա խումբը կարող է ձևավորվել նույն առարկայական ծրագիրն ուսումնասիրող դասարանների սովորողներից (մեկից ավելի դասարանների առկայության դեպքում):
Երկարօրյա պարապմունքները կարող են իրականացվել կրթական 1-ին աստիճանում (տարրական)՝ շաբաթական առավելագույնը 2 ժամ, կրթության 2-րդ աստիճանում (հիմնական)՝ շաբաթական առավելագույնը 3 ժամ:
Երկարօրյա խմբի պարապմունքներն անցկացնում է համապատասխան ուսումնական առարկան դասավանդող՝ տվյալ հաստատության որևէ ուսուցիչ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան