Գաղտնիք չէ, որ ՀՀ տարածքում գոյություն ունի ձիու մորթ.Գառնիկ Դանիելյան
«Գաղտնիք չէ, որ ՀՀ տարածքում գոյություն ունի ձիու մորթ, որը ո՛չ սպանդանոցներում ենք տեսնում, ո՛չ էլ որևէ տեղ, բայց ժամանակ առ ժամանակ թե՛ մսի վաճառքի կետերում, թե՛ տարբեր արտադրամասերում ահազանգեր ենք ստանում, որ ձիու միս է առկա»,- Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Պատգամավորն ասաց, որ ոչ մի տեղ չի երևում, թե որտեղ է ձին մորթվել և հայտնվել շուկայում:
Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը, որը զեկուցում էր «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, հատնեց, որ տեսչական մարմինը գնում է այդ ահազանգերի հետևից և նմուշառում անելուց հետո հստակ ընթացակարգով առաջ են շարժվում:
«Առաջարկվող նախագծի փաթեթը միտված է սպանդանոցային մորթով շուկա մտնելիք մսին: Այսինքը՝ եթե որևէ մեկն իր ձին մորթել և բերել է շուկա, ուզում է վաճառել՝ չենք էլ քննարկում, մենք այն առգրավում ենք ու չենք էլ պարզում թե արդյոք այն ձի է, թե այլ կենդանի»,-ասաց Պետրոս Մարտիրոսյանը:
Գառնիկ Դանիելյանն ասաց, թե խնդիրը մտահոգիչ է և ոլորտը բարձիթողի վիճակում է:
«Ես բազմիցս դիմել եմ իրավասու մարմիններին՝ բավարար պատասխան չեմ ստացել: Այս հարցին լուրջ ուշադրություն պետք է դարձվի, որովհետև, իմ տեղեկություններով, ձիու այդ մորթը տեղի է ունենում, որևէ մեկը չի կարող այդ փաստը ժխտի: Խնդիրնա այն է, թե որտեղ են մորթում ձիերին, այդ միսն ինչ է արվում: Սա պետք է քննարկվի ու հասկանանք»,-արձագանքեց Գառնիկ Դանիելյանը:
Պետրոս Մարտիրոսյանը պատասխանեց, որ հենց այդ բարձիթողի վիճակի կարգավորմանն է միտված նախագծով առաջարկած փոփոխություններն ու լրացումները՝ նշելով, որ կարգավորումից հետո գնորդը կարող է իմանալ, թե որ սպանդանոցում է մորթված եղել կենդանին, հետգիծը երևալու է:
Նա նաև հայտնեց, որ ՀՀ-ում սպանդանոցների քանակը շուրջ 100 են, որից գործում է 50-60-ը: Պատգամավորներն էլ նկատեցին, որ պետք էր ապահովել բավարա քանակով սպանդանոց, որ անասնապահին ստիպեն միայն սպանդանոցում մորթ կատարել:
Հարակից հրապարակումներ`
- Պատգամավորները քիչ են համարում համայնքային բյուջե հողերի օտարումից ստացված գումարների 30%-ի ուղղումը