ՀՀ մշտական բնակչությունը կազմում է 2 մլն 932 հազար 731․ մարդահամարի տվյալներ
ՀՀ վիճակագրության կոմիտեն հրապարակել է 2022-ի հոկտեմբերին Հայաստանում անցկացված մարդահամարի նախնական տվյալները:
Ըստ այդմ՝ ՀՀ մշտական բնակչությունը 2022 թվականին կազմել է 2 մլն 932 հազար 731 մարդ, իսկ առկա բնակչությունը՝ 2 մլն 689 հազար 438 մարդ:
Այսպիսով, 2011 թ-ի մարդահամարի համեմատությամբ, առկա բնակչության թվաքանակի ցուցանիշն՝ ըստ հաշվառման պահի, նվազել է 182 հազար 333-ով, իսկ մշտական բնակչությունը՝ 86 հազար 123-ով։
ՀՀ մշտական բնակչության կազմում քաղաքային և գյուղական բնակչության մասնաբաժինները կազմել են, համապատասխանաբար՝ 63.8% և 36.2%: 2011 թ-ի համեմատ, քաղաքային բնակչությունը նվազել է 39 375-ով կամ 2․1%-ով, իսկ գյուղկան բնակչությանը՝ 46 748-ով կամ 4․2%-ով։
Նշենք, որ մշտական բնակչության թվաքանակում ներառված է ՀՀ-ում մշտապես բնակվող ու հաշվառման պահին ներկա ու ժամանակավոր բացակա բնակչության թվաքանակի ցուցանիշների հանրագումարը: Առկա բնակչության թվաքանակում էլ ներառված է ՀՀ-ում մշտապես բնակվող ու հաշվառման պահին ներկա ու ժամանակավոր ներկա բնակչության թվաքանակի ցուցանիշների հանրագումարը: