Ուզում եմ աջակցության խոսքեր ասել մոլորակի բոլոր «քարտուղարուհիներին»․ Զախարովան պատասխանել է Ալեն Սիմոնյանին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի ՝ իրեն ուղղված ռեպլիկին, որտեղ վերջինս նրան անվանել է «ինչ-որ քարտուղարուհի»: Համապատասխան գրառումը հրապարակվել է Զախարովայի Telegram ալիքում։
«Դժվար է վիճել, որ մակարդակի հետ կապված ակնհայտ խնդիրներ կան։ Եվ ուզում եմ աջակցության խոսքեր ասել մոլորակի բոլոր «քարտուղարուհիներին»։ Ընկերուհիներ, Ձեր աշխատանքը, ոչ թե «քարտուղարուհու», այլ «քարտուղարի», նույնիսկ ամենաբարձրաստիճան ղեկավարի հաջողության գրավականն է:
Առանց ձեր ամենօրյա քրտնաջան աշխատանքի, որը ներառում է օրակարգերի կազմումը, հանդիպումների կազմակերպումը, աշխատանքը փաստաթղթերի հետ, զանգերի ընդունումն ու միլիոնավոր այլ խնդիրներ, այդ ամենը ջուրը կընկնի։ Մի վիրավորվեք, այս մարդը, վստահ եմ, առանց մտածելու դուրս է տվել։ Մի տարածեք նրա ասածի հանդեպ ձեր վերաբերմունքը հայ ժողովրդի վրա։ Հայ ժողովուրդն իմաստուն է, բազմաչարչար և սիրող», - նշել Է Զախարովան։
Ավելի վաղ Զախարովան, մեկնաբանելով Լաչինի միջանցքի և ռուս խաղաղապահների հետ կապված իրավիճակի վերաբերյալ Սիմոնյանի քննադատությունը, նշել էր. «Եթե նրանք ցանկանում են խոսել փորձագիտական մակարդակով, լավ քաղաքական մակարդակով, ապա դրա համար կան բոլոր հնարավորությունները. մենք կապի հիանալի խողովակներ ունենք Երևանի հետ բոլոր ուղղություններով՝ պետականից մինչև հասարակական։ Ես հասկանում եմ, որ այնտեղ բոլորի դերերն էլ առանձնացված են՝ ով ինչ է հայտարարում և ով ինչպես է դա ասում։ Բայց և այնպես, ես վստահ եմ, որ դա իրավունք չի տալիս այն մարդկանց, որոնք ներկայացնում են հայ հասարակությանը, օգտագործել նման ինչ-որ արտահայտություններ, իսկ մենք դրանք վերջին ժամանակներում քիչ չենք տեսնում և լսում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան