Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն է, Իզաբելա Յայլյանը վնասվածքի պատճառով լքել է պայքարը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի 2023 թվականի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:
Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ են դուրս եկել կանանց հավաքականի անդամներ Իզաբելա Յայլյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը, որոնք հանդես են եկել 55 կգ քաշային կարգում:
2023թ․ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Իզաբելա Յայլյանը պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ արմունկի վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել պայքարը: Ալեքսանդրա Գրիգորյանը, որը նորամուտն էր նշում մեծահասակների աշխարհի առաջնությունում, երկամարտի 190 կգ (83+107 կգ) արդյունքով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել է Թայպեյի ներկայացուցիչ Չեն-Գուան Լինգը՝ երկամարտի 203 կգ արդյունքով:
Աշխարհի 88-րդ առաջնությանը 120 երկրների ավելի քան 700 մարզիկ-մարզուհիներ են հայտավորված:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Գոռ Սահակյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը, Հակոբ Մկրտչյանը (երկուսն էլ ՝ 96 կգ), Գարիկ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը (երկուսն էլ՝ 102 կգ), Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (երկուսն էլ՝ +109 կգ):
Կանանց թիմի կազմում ընդգրկված են նաև Լիանա Գյուրջյանը (81 կգ), Տաթև Հակոբյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ):
Տղամարդկանց թիմի կազմում սեպտեմբերի 7-ին պայքարի դուրս կգա 67 կգ քաշային Գոռ Սահակյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան