Տնտեսվարողները կառավարությունից պահանջում են փակել Wildberries-ը
«Բոլորս այսօր կրիզիսի մեջ ենք և բոլորիս սպասվում է նույն ճակատագիրը՝ բանկրոտ»,-լրագրողներին ասաց Կառավարության շենքի մոտ Wildberries-ի դեմ ակցիա իրականացնող օնլայն խանութների տնտեսվարող Արման Թումասյանը։
Հայաստանի մի խումբ տնտեսվարողներ՝ մանրածախ և մեծածախ վաճառքի, օնլայն խանութների սեփականատերեր Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին անում ՝ պահանջելով Wildberries-ի ու Ozon-ի փակումը Հայաստանում։
«Wildberries-ն ու Ozon-ը մեծ ագրեգատներ են և ոչնչացնելու են մեր փոքր բիզնեսը, պայթելու է բանկային համակարգը, քանի որ բանկերը միլիարդավոր դոլլարներ են ներդրել բիզնեսի մեջ, ո՞վ է իրենց փողերը տալու։ Մենք սնանկանում ենք և նոր արժեք չենք կարողանում ստեղծել, ես արդեն չորս ամիս է փակել եմ իմ օնլայն խանութներն ու նույն վիճակում եմ գտնվում։ Ժողովուրդն ասում է՝ էժան է, էժան չէ՛. էն կոշիկը, որ իրենք ասում են 4000 դրամ, մենք մաքսայինի հաշվին 6000 ենք վաճառում, իրենք հետագայում վաճառելու են 12 000 դրամով։ Մեր պահանջն է փակել այդ երկու ագրեգատները»,- ասաց տնտեսվարողներից մեկը։
Նա նշեց նաև՝ դպրոցի սեզոնը ցույց տվեց, որ շատերն ապրանքի 80 տոկոսը չեն կարողացել վաճառել, իսկ Wildberries-ը միայն ասել է՝ «կներեք, ծրագրային խնդիր է եղել, մենք ուղղում ենք արդեն»։
Քսանյոթ տարվա տնտեսվարող տիկին Նունեին էլ անհանգստացնում էր փաստը, որ Wildberries-ում տնտեսվարողները չեն վճարում մաքսային տուրքը։
«Հանրապետությունում ունենք 90 000 անհատ ձեռներեցներ, եթե դրանցից հիսունն էլ դուրս գան, ի՞նչ է մտնելու մեր բյուջե։ Դա խփում է մեր պետության գրպանին։ Մենք ընդհանրապես առևտուր չենք կարողանում անել։ Իրենք կմտնեն, կոպեկներով կվաճառեն, մնացածին մեջտեղից կհանեն ու հետո երեք անգամ թանկ կվաճառեն»,-ասաց նա։
Ակցիայի կազմակերպիչներից Կարինե Գևորգյանը նշեց, որ հակառակ իրենց ցանկության՝ չեն կարողանում ժամանակին վճարել տարածքի համար պահանջվող գումարները.
«Պետք է անհապաղ փակել Wildberries-ը, քանի որ հակառակ դեպքում մեր տնտեսությունը անկում կապրի։ Արդեն երեքից չորս ամիս է ահավոր է, չենք կարողանում աշխատել»։
Ակցիայի ընթացքում Կառավարության ներկայացուցչիցը մոտեցավ և առանձին զրուցեց Կարինե Գևորգյանի հետ։ Համաձայնեցին ընտրել մի քանի հոգի, ովքեր հարցը կբարձրաձայնեն լառավարությունում, իսկ թե ով կընդունի նրանց, առայժմ պարզ չէ։