Հայկական արտադրության առաջին արբանյակը՝ HayaSat-ը պատրաստ է Եվրոպա մեկնելուն
Հայկական արտադրության առաջին արբանյակը՝ HayaSat-ը պատրաստ է ուղևորվել Նիդելանդներ փորձարկումների։ Ալիխանյանի անվան Ֆիզիկայի ինստիտուտի Մաքուր սենյակում արբանյակը փաթեթավորեցին ու ճամպրուկում տեղավորեցին Գիտական նորարարության և կրթության հիմնադրամի ու «Բազումք» լաբորատորիայի ներկայացուցիչները։ Գործընթացին հետևում էր ՊԵԿ մաքսային տեսուչը։ Որպեսզի հայրենական արբանյակը դեպի Եվրոպա ճանապարհն անվտանգ անցնի, որևէ տեղ ճամպրուկը չբացվի, դրվել են մաքսային ապահովության միջոցներ։
Մաքուր սենյակում կատարվողին ապակուց այս կողմ հուզված, լարված հետևում է «Հայասաթ-1 թիմի գլխավոր գիտնական Ավետիք Գրիգորյանը։ Արբանյակի ստեղծման գործում ներգրավված են եղել նրա դպրոցն անցած մասնագետները։
«Սա որ ստացվեց, ես լացելու եմ»,-հուզմունքն ու հպարտությունը չի կարողանում զսպել ուսուցիչը։
Ստեղծվել է ամենապարզ, մեկ միավորանոց արբանյակ, որը ծրագրավորվել է, կթեստավորվի ու կուղարկվի տիեզերք։
«Մենք պետք է համոզենք մյուսներին, որ կարող ենք անցնել ավելի լուրջ ծրագրերի։ Մենք չենք կարող միանգամից անել երկրորդ, երրորդ քայլերը, դրա համար պետք էր նախ առաջին քայլն անել։ Մեր հաջորդ քայլն ավելի մեծ է լինելու, բայց այնքան, որ չձախողենք, այլ անցնենք փորձառության հաջորդ մակարդակ։ Մենք չենք կարող այլ երկրների նման տասնյակ տարիներ էվոլյուցիոն ճանապարհով գնալ, պետք է աշխատենք մյուսների հետևից հասնել, մտնել այդ ոլորտ և տիեզերական շուկայում գրավել մեր ուրույն, արժեքավոր, գնահատվող, մեր վաստակած տեղը, որը գուցե լինի սպեցիֆիկ, որ ասեն՝ այ այս ոլորտում Հայաստանն է ուժեղ»,-ասում է Բազումք տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի համահիմնադիր և տնօրեն, ԱՅԱՍ տիեզերագիտական ընկերության համահիմնադիր և նախագահ Ա. Գրիգորյանը։
Նախատեսվում է, որ Նիդերլանդներում անցկացվելիք վիբրացիոն, ֆունկցիոնալ ու այլ փորձարկումների արդյունքները հայտնի կլինեն սեպտեմբերի վերջին։ Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա աշնան վերջին հայրենական առաջին արբանյակը, որը ստեղծվել է «Բազումքի» և Գիտական նորարարության և կրթության հիմնադրամի համագործակցության արդյունքում, արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, SpaceX- ընկերության Falcon 9 հրթիռով արձակվելու է տիեզերք։ 2010 թվականից մինչ այժմ Falcon 9-ը կատարել է ավելի քան 250 թռիչք, որոնցից 99,2 տոկոսն ամբողջությամբ հաջողված են եղել։
Հրթիռի այս պահին գործող տարբերակը՝ Falcon 9 Block 5-ը, ցույց է տալիս 100 տոկոսանոց արդյունավետություն. 190-ից ավել թռիչք՝ բոլորը հաջող։ Այնպես որ հայրենական առաջին արբանյակը՝ «ՀայաՍաթ-1»-ը լինելու է հուսալի ձեռքերում։ «Բազումք»-ի մասնագետները հույս ունեն, որ տիեզերք արձակված արբանյակի ազդանշանները կարող են որսալ նաև լաբորատորիայի վերերկրյա կայանից։
«Երբ արբանյակը դուրս գա ուղեծիր, որոշ ժամանակ անց անտենաներն է բացելու և սկսելու է փարոսի պես ազդանշաններն ուղարկել, որոնք իրենց մեջ պարունակում են հեռաչափական ինֆորմացիա համակարգերի աշխատանքի մասին։ Երբ առաջին ազդանշանը ստանանք, կհամոզվենք, որ պրոցեսների ողջ շղթան՝ հրթիռից անջատումը, անտենաների բացումը, համակարգի միանալը, ազդանշաներ ուղարկելը, նորմալ է։ Քիչ հավանական է, բայց բարենպաստ պայմանների դեպքում հնարավոր է, որ ազդանշանները ստանանք հենց Բազումքի կայանքից»,-մանրամասնում է Գրիգորյանը։
Մինչ թռիչքը «Հայասաթ-1»-ի հետ Ամստերդամ կմեկնի ու տեղում իրականացվող փորձարկումներին կհետևի հիմնադրամի տիեզերական ծրագրերի տեխնիկական տնօրեն Մասիս Կումրիգյանը։ Նրա խոսքով, Հայաստանում տիեզերական ոլորտում գործունեություն սկսելիս առաջին միտքը եղել է հայաստանցի մասնագետների ուժերով արբանյակ ստեղծելու ու հավաքելու մասին։ Գաղափարն իրականություն դարձնելու համար գործընկերներ փնտրելիս CSIE-ն հանդիպել է Բազումքին, որն արդեն իսկ Հայաստանում զբաղվում էր տիեզերական հետազոտություններով ու տիեզերական տեխնոլոգիաների մշակմամբ։
Գրեթե մեկ ու կես տարի տևած թիմային աշխատանքի արդյունքում ստեղծվել է հայկական արտադրության առաջին արբանյակը։
Մասիս Կումրիգյան
«Մենք հասկացանք, որ ամենաճիշտը CubeSat ձևաչափի արբանյակից սկսելն է և մեկնարկեցինք աշխատանքներն այդ ուղղությամբ։ Արդյունքում մենք ստացան կրթական լավ արժեք, որը դարձավ հիմք հաջորդ սերնդի համար։ Արբանյակի կարողությունները, ֆունկցիոնալությունը հետաքրքրիր ու արժեքավոր բաներ են, բայց այս պարագայում ամենամեծ օգուտը կարողությունների զարգացումն է։ Սա հոյակապ օրինակ է, որը ցույց է տալիս, թե ինչ է լինում, երբ թիմերը համագործակցում են»,-ասում է Գիտական նորարարության և կրթության կենտրոն հիմնադրամի (CSIE) տիեզերական նախագծերի տեխնիկական տնօրեն, Հայասաթ-1 թիմի տեխնիկական տնօրեն Մասիս Կումրիգյանը։
Նա ընդգծում է՝ շատ քիչ բյուջեով կարողացել են խնդիր դնել, լուծում ստանալ, քիչ ռեսուրսներով ծախսելով նման արդյունք ստանալը, շատ հարցերում ճկունությունը նրան լավատեսություն է ներշնչում. հետագայում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության համար կարևոր բաներ են։
Հայրենական առաջին արբանյակի ստեղծման գործում մասնագետները գրեթե բոլոր խնդիրներին առնչվել են առաջին անգամ՝ սկսած անհրաժեշտ նյութերի, մասերի ներմուծմանը վերաբերող իրավական կարգավորումներից մինչև պատրաստի արտադրանքի արտահանման թղթաբանություն, պետական վճարներ, հաճախականությունների արձանագրում, լոգիստիկ պրոցեսներ... Անսպառ համբերություն, ամուր նյարդեր պահանջող գործի ռիսկերը բարձր էին, բայց հաջողության հասնելու հաստատակամություն կար։
Հայկ Մարտիրոսյան
«Ստեղծելով Բազումքը՝ մենք գիտակցում էինք, որ անցնելու ենք բոլոր այն դժվարությունների միջով, որոնցով անցնում են առաջինները։ Բազումքն իր առջև խնդիր է դրել դառնալու կորիզ, որի շուրջ հավաքվելու են Հայաստանի և սփյուռքի այն մասնագետները, որոնք ժամանակին զբաղվել կամ այժմ էլ զբաղվում են տիեզերական հետազոտություններով»,-ասում է Բազումք տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի համահիմնադիր, խորհրդի անդամ և տեխնիկական տնօրեն, Հայասաթ-1 թիմի գլխավոր ինժեներ Հայկ Մարտիրոսյանը։
Նա Ամստերդամում կհետևի արբանյակի փորձարկումներին, ի հայտ եկած խնդիրներին տեղում լուծում կտա, թերություններին՝ շտկում։
Ավետիք Գրիգորյան
Hayasat-1-ի անունը խորհրդանշում է գործի շարունակականությունը։
«Մենք ունենալու ենք Hayasat-2, 3, 4... Մեկ միավորն արձակեցինք, հետո գուցե կլինի երեք միավոր, վեց միավոր և այլն։ Հետո կսկսենք առաջադրել նոր տեխնոլոգիական խնդիրներ, գտնել լուծումներ, որոնք աշխարհում կամ չեն լուծվել կամ լուծվել են ոչ այնքան լավ։ Մենք այդ կերպ նախատեսում ենք մուտք գործել տիեզերական ոլորտ, ներգրավվել միջազգային տարբեր ծրագրերում։ Տիեզերական ոլորտը Հայաստանում կարող է դառնալ լոկոմոտիվ երկրի բոլոր տեխնոլոգիական ոլորտների համար»,-նշում է «Այաս»-ի համհիմնադիրը։
Իսկ մինչ այդ արբանյակ ստեղծող թիմն անհամբերությամբ է սպասում ուղեծրից առաջին ազդանշանը ստանալուն։
Հ.Գ. 2022 թվականի մայիսի 25-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Կանավերլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերված արբանյակը իսպանական «Սանտլանտիս» ընկերության արտադրածն է։
Ծրագրի շարունակականությունն ապահովելու համար մեկնարկել է դրամահավաք ռեԱրմենիա հարթակում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լուսանկարների մի մասն ու աշխատանքի ընթացքի կադրերը տրամադրել են Բազումքից։
Հարակից հրապարակումներ`
Առնչվող տեսանյութեր
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան