«Փաստ». Ինչ են քննարկել Մանե Թանդիլյանն ու Մեծ Բրիտանիայի դեսպանը
«Փաստ» թերթը գրում է.
««Փաստ» թերթի աղբյուրները տեղեկացնում են, որ Երևանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը երեկ այցելել է Մեծ Բրիտանիայի դեսպանատուն և հանդիպել դեսպանի հետ։ Հանդիպման ժամանակ, ըստ մեր տեղեկությունների, քննարկվել են Երևանի ընտրություններին առնչվող հարցեր։
Ի դեպ, կա կարծիք, որ Արևմուտքը, մեղմ ասած, դեմ չէ Երևանում վերցնել իշխանությունը՝ «ստավկա» դնելով մասնավորաբար Մանե Թանդիլյանի և արևմտյան արժեհամակարգ դավանող ուժերի վրա: Կա՞ նման բան, հարցրեցինք «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Մեսրոպ Առաքելյանին, նամանավանդ, որ «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանը ևս համարվում է ամերիկյան արժեհամակարգի կրող, և որի հետ համագործակցությունը կուսակցությունը չի բացառել:
Առաքելյանը չհերքեց հանդիպման փաստը՝ հավելելով, որ Մանե Թանդիլյանը ամեն օր տարբեր հանդիպումներ է ունենում, որոնք, ըստ անհրաժեշտության, ներկայացվում են հանրությանը։ Ինչ վերաբերում է Արևմուտքի «ստավկաներին», ապա Առաքելյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն անել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում