«Փաստ». Ի վիճակի ե՞ն իշխող ուժի համար ապահովելու 50 տոկոս+1 ձայն
«Փաստ» թերթը գրում է.
«Երևանի ավագանու ընտրությունները վճռորոշ փուլ են մտել։ Ընդգծված առաջատարներից մեկը նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է, որի վերադարձը քաղաքականություն բավական հետաքրքիր ձևով եղավ, կարելի է ասել՝ գեղարվեստորեն. նախ՝ համացանցում նա հրապարակեց իր «Քաղաքապետը» ներկայացումը, որը հումորային ձևով պատմում է անցած երեք տարում քաղաքականության մեջ նրա փորձի ու իր երբեմնի կուսակցական ընկերների խարդավանքների մասին։ Ինչ խոսք, պետք է ընդունել, որ տեսանյութը մեծ հետաքրքրություն է առաջացրել. այն արդեն ավելի քան մեկ միլիոն մարդ է դիտել, ինչը հայալեզու «կոնտենտի» համար բավական տպավորիչ թիվ է:
Ըստ այդմ, շատերը հիմա կես կատակ - կես լուրջ նշում են, որ եթե անգամ այդ դիտումների 2030 տոկոսը երևանցիներ լինեն, ապա այդ փաստը լրջորեն կարող է ազդել ընտրությունների ելքի վրա։ Բացի այդ, անկարևոր չէ հիշել Մարությանի հստակ հայտարարությունը՝ ոչ մի համագործակցություն ՔՊ-ի ու նախկինների, իր ձևակերպմամբ՝ «սևերի» հետ։ Այս դիրքորոշումը կարող է շատ աջակիցներ հավաքել երևանցիների շրջանում, ինչը, կարծես թե, ապացուցվում է Մարությանի քարոզարշավային հանդիպումներին մարդկանց դրական ընդունելությունից։
Մյուս կողմից՝ իշխող ՔՊ-ում գնալով ավելի են անհանգստանում ստեղծված իրավիճակով, քանի որ նույնիսկ տեղեկատվական ակտիվ արշավը, հակաքարոզչությունը, վարչական ռեսուրսի կիրառումն ու խախտումները, որոնց մասին բարձրաձայնում են անգամ ներկա իշխանության «սիրելի» արևմտամետ ՀԿ-ները, ի վիճակի չեն իշխող ուժի համար ապահովելու 50 տոկոս+1 ձայն:
Դա է պատճառը, որ բարձրաստիճան պաշտոնյա ու պատգամավոր քպականները անձամբ մասնակցում են քարոզարշավին, ավելին, մեր տեղեկություններով, փորձում են համոզել Նիկոլ Փաշինյանին, որ գոնե վերջին օրը միանա քարոզաշավին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը դեռևս չի արձագանքել այդ «հրավերին»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում