Կամք. Անհապաղ հրավիրել ԱԺ արտակարգ նիստ
Հայկական Արժեքների Պաշտպանության Կամք հասարակական Նախաձեռնությունը բաց նամակ է հասցեագրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, Քաղաքացիական Պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, Պատիվ Ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին.
«Հարգելի գործընկերներ,
Արդեն բոլորիս հայտնի է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը բազմահազարանոց զորքեր և զինտեխնիկա են կուտակել ՀՀ և ԱՀ սահմաններին և նախապատրաստվում են անցնել լայնածավալ հարձակման, որի նպատակն է ՀՀ ինքնիշխան տարածքների հաշվին կյանքի կոչել իրենց վաղեմի Թուրանական երազանքը։
2023 թվականի Սեպտեմբերի 7-ի Կառավարության նիստի ժամանակ այս սպառնալիքի մասին բարձրաձայնեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
2023 թվականի Սեպտեմբերի 7-ին մեր նախաձեռնությունը բաց նամակով դիմել է ՀՀ, ԻԻՀ և ՌԴ առաջնորդներին՝ անհապաղ սկսել համատեղ արտապլանային զորավարժություններ Վայոց Ձորում և Սյունիքում, քաջ գիտակցելով, որ նման միջոցառումը կկանխի այն աղետը, որը ժամ առ ժամ սպառնում է մեր պետությանն ու ժողովրդին։
Ելնելով վերոգրյալից, դիմում ենք նաև ձեզ, անհապաղ հրավիրել ԱԺ արտակարգ նիստ ադրբեջանի սպասվող ագրեսիայի և հայ-ռուս-իրանական համատեղ արտապլանային զորավարժություններ անցկացնելու օրակարգով, իսկ վատագույն պարագային, առաջարկվող օրակարգը քննարկել ԱԺ նախատեսված նիստերի ժամանակ:
Այլապես, այս ուղղությամբ անգործության դեպքում սպասվող աղետի ողջ պատասխանատվությունը կնկնի ՀՀ կառավարության և խորհրդարանական ուժերի վրա, այն ուժերի որոնք այս ճակատագրական պահին կշարունակեն անտարբերությամբ նայել աշխարհաքաղաքական և ռազմական ազգակործան գործընթացներին»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան