ԱՀ Աժ հինգ խմբակցությունների ղեկավարներին ներկայացվել է ԱՀ նախագահի թեկնածության հետ կապված տեղեկատվություն
Արցախի Հանրապետության խորհրդարանի աշխատակազմը տեղեկատվություն է տարածել, որում ասվում է․
«Արցախի Հանրապետության նախագահի հրաժարականի հրապարակումից հետո օրենքով սահմանված կարգով և ժամկետներում սույն թվականի սեպտեմբերի 5-ից 7-ը ներառյալ, Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները ներկայացրել են Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու դիմումները՝ կից փաստաթղթերով: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ-ից։
«Միասնական Հայրենիք» խմբակցությունը Սամվել Բաբայանի թեկնածությունը առաջադրելու դիմումին կցված փաստաթղթերում ներկայացրել է վերջին տասը տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի տրամադրումը մերժելու մասին ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզայի վարչության Ստեփանակերտ քաղաքի անձնագրային բաժնի որոշումը, ինչպես նաև ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի վարչական դատարանին ներկայացված հայցադիմումի պատճենը՝ Սամվել Բաբայանի ընտրական իրավունքի իրացման խոչընդոտները վերացնելու մասին:
«Միասնական Հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանին տեղեկացվել է ԱՀ Սահմանադությամբ պահանջվող անհրաժեշտ փաստաթղթի բացակայության մասին և համապատասխան գրությամբ խմբակցության ղեկավարին է վերադարձվել ԱՀ նախագահի առաջադրման մասին դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը՝ վերջին տասը տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը չներկայացնելու պատճառով:
Հրավիրվել է աշխատաքային խորհրդակցություն և Աժ հինգ խմբակցությունների ղեկավարներին ներկայացվել Արցախի Հանրապետության նախագահի թեկնածության հետ կապված տեղեկատվություն»։