Կարելի՞ է կանխել արթրոզը․ ներկայացնում է մասնագետը
Մաշված հոդեր. այսպես են մարդիկ բնութագրում արթրոզ հիվանդությունը։ Այն հատուկ է բարձր տարիքային խմբին, սակայն վերջին տարիներին հիվանդությունը նկատելիորեն երիտասարդացել է։
Արթրոզը հենաշարժական համակարգի ամենատարածված հիվանդություններից է և կարող է բացասաբար անդրադառնալ կյանքի որակի վրա, երբեմն այն հանգեցնում է հաշմանդամության։ Այնուամենայնիվ, հոդերի արթրոզը ամենևին էլ դատավճիռ չէ, հիվանդության դեպքում վաղ ախտորոշումն ու ժամանակին արված բուժումը, ինչպես մասնագետներն են հավաստիացնում, թույլ կտա խուսափել վիրահատական միջամտություններից։
Արթրոզի բուժման մեթոդների, հիվանդության բուժման և կանխարգելման մասին Panorama.am-ը զրուցել է ԵՊԲՀ վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի դոցենտ, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի բժիշկ Արտակ Գրիգորյանի հետ։
Ներկայացնելով հիվանդությունը, նա նշում է, որ արթրոզը հոդերի դեգեներատիվ հիվանդություն է, որի ժամանակ առաջանում է աճառային հյուսվածքի կառուցվածքային փոփոխություն։Այսինքն՝ ժամանակի ընթացքում աճառը մաշվում է, որի հետևանքով հոդը սկսում է ծերանալ, հոդի մակերեսը բարակել, իսկ տեղ-տեղ աճառային հյուսվածքն ընդհանրապես սկսում է վերանալ։ Այս դեպքում մարդիկ սկսում են բողոքել ծնկների շրջանում առաջացող սուր ցավերից, հոդերի ցավի և շարժունակության սահմանափակումներից։ Սրանք, ըստ նրա, լուրջ ախտանշաններ են մասնագետին դիմելու համար:
Արտակ Գրիգորյանի խոսքով՝ արթրոզի առաջացման պատճառները տարբեր են։ Հիմնականում այն կապված է տարիքային փոփոխությունների, սխալ կենսակերպի, սնունդի, գենետիկ տրամադրվածության հետ։ Բացի այդ, հիվանդության առաջացման պատճառ կարող են դառնալ վնասվածքները՝ մեծ կոտրվածքներից մինչև մանր վնասվածքներ։ Ի դեպ, երկարատև հորմոնների ընդունման դեպքում ևս կարող է արթրոզ առաջանալ։
Արթրոզի ախտանշանները
Հիվանդության առաջին ու հիմնական ախտանշաններից մեկն ուժեղ ցավն է ու շարժումների սահմանափակումը հոդերում: Սկզբնական փուլերում ցավն աննշան է, հետո այն մշտական բնույթ է կրում: Հոդերը կարող են ուռչել, հնարավոր է նաև հոդի ձևախախտում:
Արթրոզի ժամանակ ախտահարվում են ինչպես ծնկային, կոնքազդրային, սրունքաթաթային, արմնկային, այնպես էլ մանր, այդ թվում ողնաշարի հոդերը։
Արդյոք պետք է սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը
Արտակ Գրիգորյանի խոսքով՝ ֆիզիկական ակտիվությունը պետք է սահմանափակել միայն հիվանդության սրացման շրջանում, իսկ երբ ցավերը բուժումից հետո թեթևանում են, պետք է ֆիզիկական ակտիվությունը մեծացնել, քանի որ արթրոզի հետևանքով կարող է մկանները թուլանան։
Վնասվածքաբանը նկատում է՝ չնայած այն հանգամանքին, որ այս պաթոլոգիան ավանդաբար համարվում է տարիքային, վերջերս նկատվում է դրա զգալի երիտասարդացում։ Իսկ հիմնական պատճառը կրկին կենսակերպն է, ֆիզիկական ակտիվության նվազումը։ Բացի այդ, ըստ մասնագետի, երկար ժամանակ նույն դիրքում նստելու դեպքում աճառային հյուսվածքների վրա ճնշումը շատանում է, որը ևս վնասում է հոդերը։
Որն է արթրիտի և արթրոզի տարբերությունը
Արթրիտը և արթրոզը հիվանդություններ են, որոնք շատ տարածված են աշխարհում, սակայն հաճախ մարդկանց թվում է, թե դրանք նույն հիվանդությունն են։
Վնասվածքաբանը մեկ անգամ ևս հիշեցնում է՝ արթրիտը հաճախ հանդիպող հոդի բորբոքային հիվանդություն է, որը զարգանում է վարակային պրոցեսի ազդեցության հետևանքով։ Այն կարող է լինել ոչ ինֆեկցիոն և ինֆեկցիոն՝ սեպտիկ։ Ինչ վերաբերում է արթրոզին, ապա այս հիվանդության դեպքում, ըստ նրա, անդառնալի փոփոխություններ են տեղի ունենում աճառային հյուսվածքներում։
Ինչպես պաշտպանել հոդը
Արթրոզից խուսափելու համար Արտակ Գրիգորյանը խորհուրդ է տալիս ավելացնել ֆիզիկական ակտիվությունը, խուսափել քաշի ավելացումից, անկանոն դեղորայքի ընդունումից։
Խոսելով արթրոզի բուժման եղանակների մասին, բժիշկը խնդրի վերջնական բուժումը համարում է էնդոպրոթեզավորումը։
Նրա խոսքով՝ թեթև աստիճանի դեպքում նշանակվում են հակաբորբոքային դեղամիջոցներ, ֆիզիոթերապիա, քիչ ծանր դեպքերում՝ ներհոդային ներարկումներ, իսկ ծանր դեպքերում՝ էնդոպրոթեզավորում, երբ մաշված հոդի փոխարեն տեղադրվում է արհեստական հոդ։
«էնդոպրոթեզավորումն արվում է այն դեպքերում, երբ կոնսերվատիվ բուժման մեթոդներն արդյունավետ չեն և ցավի հետևանքով հիվանդը չի կարողանում քայլել»,- ընդգծում է Արտակ Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ նախկինում այս վիրահատությունը շատ ավելի դժվար ընթացք ու հետվիրահատական բարդ շրջան էր ենթադրում, այսօր արդեն կիրառվում են ավելի ժամանակակից մեթոդներ, կատարելագործվել են տեխնիկան, գործիքները, հիվանդներն ավելի արագ են ոտքի կանգնում և հնարավորություն կա հասնելու ավելի լավ արդյունքների։
«Հայաստանում առավել հաճախ արվում է կոնքազդրային և ծնկահոդի էնդոպրոթեզավորում։ Սովորաբար, կոնքազդրային հոդի դեպքում պրոթեզները ծառայում են միջինը 15-20 տարի, ծնկահոդի դեպքում՝ 12-15 տարի, որից հետո տեղադրված էնդոպրոթեզները ռեվիզիայի կարիք են ունենում»,- ասում է մասնագետը։
Հիվանդների մեծ մասն արթրոզի առաջին ախտանշանների դեպքում խուճապի է մատնվում, սակայն, ինչպես վիրաբույժն է ասում, պետք է գիտենալ, որ հոդերում առաջացած ցավերը ազդանշան են, որոնք հուշում են կենսակերպը փոխելու անհրաժեշտության մասին:
Հարակից հրապարակումներ`
- Հնարավո՞ր է արդյոք բուժել պսորիազը
- Վիտիլիգոն վարակիչ չէ․ որոնք են հիվանդության պատճառները, ախտանիշներն ու բուժումը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան