«Մեզ համար պատերազմն արդեն սկսվել է ու տանում է վերացման». հարցում
Վերջին օրերին պարբերաբար լուրեր են հայտնվում, որ ադրբեջանական կողմից անձնակազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաշարժեր և կուտակումներ են նկատվում Հայաստանի ու Արցախի սահմաններին։ Կան փորձագետներ, քաղաքագետներ, ովքեր հավանական են համարում, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն ՀՀ դեմ։ Նիկոլ Փաշինյանն էլ երեկ կառավարության նիստում հայտարարել է. «Նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է, պատճառն այն է, որ Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում ԼՂ-ի շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով»։
Ինչ են կարծում քաղաքացիները՝ այս իշխանության օրոք նոր պատերազմը ի՞նչ կարող է նշանակել Հայաստանի համար։ Panorama.am-ի հարցման մասնակից քաղաքացիներից մեկը նախ զարմացավ, որ ասում ենք «այս իշխանության օրոք»։
«Այ քեզ... իշխանություն էլ ունե՞նք, ես տեղյակ չէի ... Լսում ես՝ ասում է Հայաստանն իշխանություն ունի»,- ասաց նա՝ դիմելով իրենից քիչ առաջ քայլող ընկերոջը։
Մեկ այլ քաղաքացի վստահ է՝ պատերազմ լինելու դեպքում բոլորն էլ կգնան ռազմաճակատ. «Նոր իշխանություն լինի, հին իշխանություն լինի՝ ագզով պետք է ոտքի կանգնենք։
Ուղղակի խելքը գլխին մարդ, ղեկավար լինի, հրամանատարներ լինեն։ Բոլորը պետք է ազգին նվիրված լինենք, եթե նվիրված լինենք, պատերազմն էլ կհաղթենք, թեև էլի զոհեր կունենանք»։
Քաղաքացիներից մեկի կարծիքով, աշխարհաքաղաքական նոր բաժանումներ են տեղի ունենում, ու ամեն ինչ հենց դրա պատճառով է. «Մեզ համար պատերազմն արդեն սկսվել է ու տանում է վերացման»։
«Աղետ կլինի, ողբերգություն կլինի։ Վախենում եմ, պետականության կորստի հարց կարող է լինել, տարածքների մասին էլ չեմ ասում։ Բայց պետք է հույսը դնենք միայն մեր վրա, ոչ մեկ չի գալու մեզ օգնելու»,- ասաց մեկ այլ քաղաքացի։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ու Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրադրության լարվածությունը մոտենում է պիկին․ Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանի ՊՆ-ն կեղծ լուրեր տարածելուն զուգահեռ իրականացնում է անձնակազմի, ռազմական տեխնիկայի տեղաշարժեր և կուտակումներ. Արցախի ՊՆ
- Միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի ԱԽ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար.Փաշինյան
- Աբրահամյան. Ադրբեջանական շարժերն Արցախի ու Հայաստանի տարբեր ուղղություններով որոշակիորեն աճում են:
- Վարուժան Գեղամյան. Բավական մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն ՀՀ դեմ